Ազատ խոսք

Իշխանության հերթական մանիպուլյացիան թոշակների բարձրացման մասին. Արթուր Թովմասյան

Իշխանության հերթական մանիպուլյացիան թոշակների բարձրացման մասին. Արթուր Թովմասյան

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանության հերթական մանիպուլյացիան, կամ ինչպես կասեր մշեցի պապս՝ թոզ են փչում ժողովրդի աչքերին.

Երկու օր առաջ ՀՀ կառավարիչը հերթական անգամ հայտարարեց թոշակների բարձրացման մասին, և սա ներկայացվում է որպես կառավարության հերթական սոցիալական ձեռքբերում. Մասնավորապես, նախատեսվում է հուլիսի 1-ից միջին կենսաթոշակները հասցնել 49700-ի, իսկ նվազագույն կենսաթոշակները 31600-ից դարձնել 36000։

Բայց ի՞նչ արժե այս աճը, եթե հաշվի չես առնում խայտառակ թանկացումները։

Գների աճի ճշգրտումը ցույց է տալիս կենսաթոշակների նվազում 2020 թվականից, մինչդեռ նույնիսկ 2024 թվականին (և ընդամենը 1 տոկոս գնաճով), միջին կենսաթոշակի գնողունակությունը 4 տոկոսով ցածր կլինի, քան 2017 թվականին, այսինքն՝ կենսաթոշակների բոլոր «բարձրացումները» նույնիսկ ինդեքսավորում անվանել չի կարելի։

Միևնույն ժամանակ, խաբեությունը տարածվում է միայն ամենախոցելի շերտի վրա՝ թոշակառուների, քանզի թոշակառուներն են կառավարչի ամենամեծ աջակիցները, քանի որ նրանք են այս քարոզչության թիրախը։

Բոլորս գիտենք, որ կառավարչի ամենամեծ աջակիցները թոշակառուներն են, և նրանք են նաև նրա սոցիալ-տնտեսական քաղաքականությունից ամենաշատ տուժողները:

Ցավոք սրտի, «Ստոկհոլմյան սինդրոմը» Հայաստանում շարունակում է մնալ որպես քաղաքական գործոն, և դրան հատկապես ենթակա է բնակչության առավել խոցելի շերտերը»։

Կիսվել