Մամուլ

Արցախում երեկ զոհված Երվանդ Թադևոսյանի և Սամվել Թորոսյանի մարմինիները չի հաջողվում տեղափոխել Հայաստան

Արցախում երեկ զոհված Երվանդ Թադևոսյանի և Սամվել Թորոսյանի մարմինիները չի հաջողվում տեղափոխել Հայաստան

Արցախի Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված Երվանդ Թադևոսյանի, Սամվել Թորոսյանի մարմինիները չի հաջողվում տեղափոխել ՀՀ, այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Ե՛վ խաղաղապահների, և՛ Կարմիր խաչի միջոցով փորձում ենք կազմակերպել մարմինների տեղափոխումը, բայց այս պահի դրությամբ այդ հարցով դրական տեղաշարժ չկա»- հայտնեց Գեղամ Ստեփանյանը։

Նշենք, որ Երվանդ Թադևոսյանի ընտանիքն Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվել է Բերձորից ու այս պահին ընտանիքն ապրում է ՀՀ-ում՝ Արարատի մարզի Վեդի համայնքում:

Սամվել Թորոսյանի ծնողներն էլ ցանկություն են հայտնել իրենց որդուն հուղարկավորել Եռաբլուրում, թեև նրանք բնակվում են Ստեփանակերտում։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ։

Կիսվել