Մամուլ

Կրակոցներ Վայոց ձորի մարզում. ժամանել են մարզի ու Եղեգնաձորի ոստիկանապետերը

Կրակոցներ Վայոց ձորի մարզում. ժամանել են մարզի ու Եղեգնաձորի ոստիկանապետերը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 7-ին կրակոցներ են հնչել Վայոց ձորի մարզում:

ՀՀ Ներքին գործերի նախարարության​ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում՝ Եղեգնաձորի համայնքապետարանի մոտ, կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վար են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Եղեգնաձորի ​ բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Հարությունյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները Եղեգնաձորի համայնքապետարանի մոտ հայտնաբերել են մոտ 20-ից ավել ինքնաձգից արձակված կրակված պարկուճներ:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակոցներ արձակած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Պարզվում է նաև, թե արդյոք կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել