Երևանում՝ ավտովթարից հետո վարորդը մտել է հարևանությամբ գտնվող մթերային խանութ և ծեծի ենթարկել աշխատակցուհուն
Երևանում՝ ավտովթարից հետո վարորդը մտել է հարևանությամբ գտնվող մթերային խանութ և ծեծի ենթարկել աշխատակցուհուն
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 1-ին, Երևանում հերթական անգամ բռնություն է տեղի ունեցել կնոջ նկատմամբ:
Ժամը 02:00-ի սահմաններում Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ նախաբազկի վնասվածք, մարմնի տարբեր մասերում սալջարդ և վնասվածքներ» ախտորշմամբ իրենց մոտ շտապօգնության թիվ 16 բրիգադը տեղափոխել է մի կնոջ:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 40-ամյա Կարինե Հ.-ն է:
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 03:00-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի պարեկ Վ. Վ.-ն և հայտնել, որ Վրացական փողոցի 9 հասցեի մոտ տեղի է ունեցել ավտովթար, որից հետո վարորդը մտել է վթարի հարևանությամբ գտնվող մթերային խանութ, բռնություն կիրառել աշխատակցի նկատմամբ, կոտրել և գետնին թափել ապրանքները, ապա դիմել է փախուստի:
Ըստ ականատեսների՝ նրա ձեռքին եղել է զենքի նմանվող առարկա: ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րրդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Վահե Վարդանյանը, Հասմիկ Մուրադյանն ու Աղասի Հովհաննիսյանը օպերատիվորեն ժամանում են նշված վայր և սահմանազատում են վթարի վայրը, այնուհետև քաղաքացիների հետ անցկացրած զրույցի արդյունքում վթարի վայրից մոտ 100-150 մետր հեռավորության վրա հայտնաբերում են ատրճանակը:
Պարեկները ու ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողնեը համագործակցելով միմյանց հետ մարմնական վնասվածք հասցնելու և զենք կրելու հիմնավոր կասկածով հայտնաբերում ու ձերբակալում են Երևանի բնակիչ 28-ամյա Կարեն Ե.-ին, ում այնուհետև տեղափոխում են Ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կարեն Ե.-ի կողմից բռնության է ենթարկվել ու սա առաջին դեպքը չէ:
Մի քանի անգամ նա ծեծի է ենթարկել Կարինե Հ.-ին, ու այդ մասին շատ լավ տեղյակ են եղել ոստիկանության Արաբկիրի բաժնում, այդ թվում համայնքային ոստիկանը, սակայն ոչ մի միջոց չեն ձեռնարկել «սանձելու» համար, ինչպես դեպքի վայրում նշում էին հարևանները «այդ հրեշին» ու նա հավանաբար վստահ լինելով, որ չի պատժվելու, շարունակում է բռնություն կիրառել Կարինե Հ.-ի նկատմամբ:
Այսօր տեղեկացանք, որ նրան Արաբկիրի քննչական բաժնից բաց են թողել: Ինչպես կասեր մեծն դասականը՝ «լրիվ գժանոց», հետո էլ իրվապահ համակարգը նեղանում է, որ քաղաքացիների մոտ իրենց նկատամաբ վստահությունը նվազում է:
Բնակիչներն էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում, ասում էին.
«Հիմա, որ էս խանութի աղջիկը, ով մեծ հարգանք է վայելում շրջապատում, ով նույնիսկ թաղի սոցիալապես անապահով ընտանիքների խանութում կուտակված պարտքերը շատ դեպքերում զրոյացնում է, չի վերցնում գումարները, էդ տղու նկատամամբ հաշվեհարդար տեսնի, կտանեն կդատեն:
Քանի անգամ ա, բռնություն է կիրառում ու ամեն անգամ ոստկանությունը բռնել տարել ա, տվել քննիչներին, քննիչներն էլ թղթերը լրացնելով իրենց գործը համարել են ավարտված ու բաց են թողել:
Նաև վստահ, որ իր հակաօրինական, խի չէ նաև անմարդկային քայլերը ներվում են, շարունակում է իր ոչ հայ տղուն վայել արարքները:
Գիշերն ի՞նչ էր կատարվում, մտավ ու ամենալկտի ձևի վերաբերմունք ցուցաբերեց էդ աղջկա նկատամամբ: Էդքան տղա ես ձեռդ աղջկա վրա ես բարձրացնում, գնա սահման, որի կարիքը այսօր Հայաստանն ու Արցախը շատ ունի»: