Մամուլ

Կրակոցներ Երևանում․ մուտքի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի

Կրակոցներ Երևանում․ մուտքի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ ապրիլի 30-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի 1-ին մուտքի դիմաց արնահոսող տղամարդ կա, ով անգիտակից վիճակում է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 2-րդ բրիգադը։ Բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 2 հատ 9մմ տ/չ կրակված պարկուճ և 1 կրակված գնդակ, իսկ մուտքի ալյումինե դռան վրա՝ կրակոցի հետք։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նույն շենքի բնակիչ 54-ամյա Սողոմոն Վ․-ն է, ում ուղղությամբ և կյանքից զրկելու նպատակով՝ անհայտ անձը դեռևս չպարզված տեսակի ատրճանակից 2 անգամ կրակոց է արձակել և կյանքից զրկել նրան։

krakocner yerevan

Դեպքի փաստով՝ քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանձագործության գործիք՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, այդ թվում սպանվածի հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․

«Տեղի ունեցածից շոկի մեջ ենք ընկել։ Ում որ սպանել են, թաղում ճանաչում էին որպես երբևէ հավին քշա չանող մարդ։

Ու ո՞ր մի տականքի ձեռքն է գնացել սպանել, չգիտենք։ Երբևէ մեր մտքով չէր անցնի, որ այս օրերին հայը հայի վրա կկրակեր, ու կսպանվեր մի մարդու, ում կողմից երբևէ վատ արարք չենք տեսել։

Ուզում ենք հավատանք, որ ոստիկաններն ու քննիչները կհայտնաբերեն այդ մարդասպանին, ու մենք էլ կիմանանք, թե ով է Մեծն Նժդեհի ասած՝ հայի տականքը, որ կրկնում ենք՝ այս ծանր օրերին ձեռքը գնացել ու հայի է սպանել»։

Կիսվել