«Մայրն ասում էր՝ Նարեկն է վերջին հույսս». Տեղ գյուղում զոհված Նարեկ Սարգսյանը հատուկջոկատային էր
Սյունիքի մարզի Տեղ գյուղում երեկ՝ ապրիլի 11-ին, ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված 29-ամյա հատուկջոկատային Նարեկ Սարգսյանը Սևան քաղաքից էր:
News.am-ին Նարեկ Սարգսյանի դասղեկը պատմեց, որ Նարեկը ամուսնացած չէր, երկու եղբայր ուներ: Նրա մայրը դպրոցում Ռուսաց լեզվի ուսուցչուհի էր, վերջերս էր ազատվել աշխատանքից:
Նարեկը մինչեւ զինվորական դառնալը սովորել է Սևանի քոլեջի ծրագրավորման բաժնում:
«Սիրում էր իր գործը: Մայրն ասում էր՝ հստակ չգիտենք, թե որտեղ է ծառայում, մեկ այստեղ է, մեկ այնտեղ: Ընտանիքն այդքան էլ ապահով վիճակում չէր: Մայրիկին վերջերս որ հանդիպեցի, ասաց՝ Նարեկն է վերջին հույսս:
Նա տան բոլոր հարցերը կարգավորողն էր: Շատ կազմակերպված տղա էր, ձգտող էր»,- պատմեց դասղեկը:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:
Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր:
Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)
Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)
Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)
Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)