Մայրիկին խնդրել է իր համար գլխարկ և շալ գործել․ Վիգեն Էուլջեքջյանը կապ է հաստատել ընտանիքի հետ
Մայրիկին խնդրել է իր համար գլխարկ և շալ գործել․ Վիգեն Էուլջեքջյանը կապ է հաստատել ընտանիքի հետ
«Կարմիր Խաչից» ինձ զանգահարեցին անցած երկուշաբթի և տեղեկացրին, որ Վիգենը ողջ է։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Բաքվի բանտում քսան տարվա բանտարկության դատապարտված հայ քաղաքացիական գերի լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը։
«Խոսել եմ Վիգենի հետ տասներկու րոպե, նա լավ էր։ Հարցրեց հարազատներից, եղբայրներից, ընտանիքի անդամներից, թե ինչպես են նրանք։
Իր մայրիկին խնդրեց իր համար գլխարկ և շալ գործել։ Քանի որ չգիտի, թե բանտի պատերից այն կողմ ինչ է կատարվում, հարցնում էր, արդյոք տեղյակ ենք, թե իր գործը ինչ ընթացքի մեջ է, որևէ շարժ կա, թե ոչ»,-ասաց Լինդա Էուլջեքջյանը։
Վիգեն Էուլջեքջյանի կինը տեղեկացրեց, որ «կարմիր խաչի» աշխատակիցները խոստացել են տեսազանգ կատարել, երբ այցելեն վերջինիս Բաքվի բանտում։ Վիգենը կնոջը տեղեկացրել է, որ իր առողջական վիճակն այժմ ավելի լավ է, քան հունվարին, քանի որ իրեն սկսել է բժիշկ այցելել։
Հավելյալ որևէ տեղեկատվություն «Կարմիր խաչը» Էուլջեքջյաններին չի փոխանցել։
Հիշեցնենք, որ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել է Շուշիի մոտ՝ նոյեմբերի իննի հայտարարությունից ժամեր անց, երբ փորձել էր իր անձնական իրերը վերցնել Շուշիի հյուրանոցից։