Մամուլ

Արսեն Թորոսյանը Փաշինյանից հանդիպում է խնդրել ու մերժում ստացել․ «Ժողովուրդ»

Արսեն Թորոսյանը Փաշինյանից հանդիպում է խնդրել ու մերժում ստացել

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն իր գործունեության շուրջ իրավապահների ակտիվ քննչական գործողությունների հրապարակային դրսևորումներից հետո դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հանդիպում խնդրել, սակայն մերժում է ստացել, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը նրան չի ընդունել:

«ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքական իշխանության մոտ առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանին փորձում է փրկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Մյուս թիմակիցները, այդ թվում՝ Արսեն Թորոսյանի ընկեր, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը, լուռ հետևում են Թորոսյանի շուրջ կատարվող զարգացումներին:

Ինչպես հայտնի է, մարտի 12-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ Երևանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բաբկեն Շահումյանը կալնավորվել են, քանի որ պատշաճ չեն կատարել ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Տնային կալանքի տակ է ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանը և ևս 8 անձ, որոնք «Մեդլայն» բժշկական կենտրոնի աշխատակիցներ են և ունեն մեղադրյալի կարգավիճակ, սակայն առայժմ ազատության մեջ են:

Վերջինները ևս մեղադրվում են այն բանի համար, որ կորոնավիրուսային հիվանդության համար պետության կողմից հատկացված ծրագրի շրջանակներում պատշաճ չեն կատարել իրենց պրտականությունները, ինչի արդյունքում խարդախությամբ հափշտակվել է մոտ 120 միլիոն դրամ:

Ամենագլխավոր հարցը մնում է մեկը՝ ե՞րբ է նախաքննական մարմինը հասնելու նախկին նախարար Արսեն Թորոսյանին. ի վերջո, նախարարի հրամանն են կատարել աշխատակիցները:

Բացի այդ, նկատենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությամբ՝ փոխնախարար Գևորգ Սիմոնյանին մեղսագրվող արարքները կատարվել են ավելի շատ Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման շրջանում (մոտ 11 ամիս), քան Արսեն Թորոսյանի դեպքում (7 ամիս։)

Տեղեկացնենք, որ նախաքննական մարմինն Արսեն Թորոսյանին մեղադրանք առաջադրելու հարցում դեռ չի շտապում, քանի որ այլ ուշագրավ բացահայտումներ էլ են արվել նրա գործունեության մասով՝ այլ դրվագներով»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվել