Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ պարեկը կրակել է իրենց ուղղությամբ կացինը ձեռքին մոտեցող ենթադրյալ գողի ուղղությամբ․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ պարեկը կրակել է իրենց ուղղությամբ կացինը ձեռքին մոտեցող ենթադրյալ գողի ուղղությամբ․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 13-ին, ենթադրյալ հանցագործին վնասազերծելու ժամանակ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։
Ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Հրազդան քաղաքի թաղամասերից մեկի բնակիչ 18-ամյա Հասմիկ Բ․-ն և հայտնել, որ անհայտ անձինք մուտք են գործել իրենց տուն։
Ահազանգողը հայտնել է, որ իրենց տանը կից անասնագոմում մարդ կա, ով, հավանաբար, գոմ է մտել գողություն անելու նպատակով։
Ոստիկանության աշխատակիցները մոտենում են անասնագոմին և բարձրախոսով ներկայանում են, որ իրենք ոստիկանության աշխատակիցներ են ու պահանջում են, որպեսզի այնտեղ գտնվող անձը դուրս գա։
Բազմաթիվ անգամներ շգուշացնելուց հետո անասնագոմից դեմքը ծածկած դուրս է գալիս մի տղամարդ, ում ձեռքին կացին է լինում։
Վերջինս պահանջում է որպեսզի ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցները չմոտենան իրեն, հեռանան և պահանջում է, որպեսզի չփորձեն իրեն բռնել։
Հակառակ դեպքում՝ ձեռքին եղած կացնով կսպանի բոլորին։ Դրանից հետո, տեսնելով, որ ոստիկաններն ու պարեկները չեն հեռանում ու դարձյալ պահանջում են, որպեսզի նա ցած դնի կացինն ու ինքնակամ հանձնվի, այդ տղամարդը դարձյալ չի ենթարկվում։
Եվ կացինը ձեռքին սկսում է, անկանոն շարժումներ կատարելով, հարձակվել ոստիկանության ծառայողների վրա։
Այդ ժամանակ Պարեկային Ծաայության Կոտայքի գումարտակի պարեկներից մեկն իրեն ամրակցված ատրճանակից նախազգուշական 2 կրակոց է արձակում դեպի օդ։
Սակայն այդ կրակոցներն էլ չեն կանխում քաղաքացու հարձակումը պարեկների ու ոստիկանների վրա, որից հետո զգալով, որ վտանգը դառնում է իրական, պարեկը 1 անգամ կրակոց է արձակում իրենց ուղղությամբ եկող տղամարդու վրա։
Վերջինս վայր է ընկնում։ Ու ահազանգով դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վիրավորին «կրծքավանդակի հրազենային վիրավորում, մարմնական վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխում են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Սամվել Փ․-ն է, ով գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 44-254 հոդվածի 2-րդ մասի և 252 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Սամվել Փ․-ն նախկինում եղել է դատապարտված։