Մամուլ

Կրակոց և դանակահարություն Երևանի ակումբներից մեկում․ մենեջերը դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց

Կրակոց և դանակահարություն Երևանի ակումբներից մեկում․ մենեջերը դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 26-ին կրակոց և դանակահարություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 23։25-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Բժիշկները հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Արմենակ Հ․-ն է։ 

moscow akumb

Ոսստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 23։00-ի սահմաններում Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքի հարևանությամբ գտնվող «Մոսքոու» ակումբում վիճաբանություն է տեղի ունեցել Արմենակ Հ․-ի և Երևանի բնակիչ 20-ամյա Հակոբ Ա․-ի միջև, որի ժամանակ վերջինս, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի ներսում իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել և իր մոտ եղած սուր կտրող ծակող առարկայով հարվածել է Արմենակ Հ․-ի կրծքավանդակին։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները կարճ ժամանակ անց, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են՝ որտեղ է գտնվում Հակոբ Ա․-ն, ապա բացատրական աշխատանքների շնորհիվ Հակոբ Ա․-ն ինքնակամ ներկայանում է Ոստիկանության Կենտրոնական բաժին, իր հետ բերելով նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը և ծալովի դանակը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ատրճանակը լիցքավորված է եղել 7 փամփուշտով։ Իսկ դանակահարված Արմենակ Հ․-ն աշխատում է «Մոսքոու» ակումբում որպես մենեջեր։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Հակոբ Ա․-ն Ոստիկանությունից ներկայացնել է քննչական բաժին։

Կիսվել