Մամուլ

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում․ հիվանդանոցից Երևան տեղափոխվելիս, 13-ամյա աղջնակը շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում․ հիվանդանոցից Երևան տեղափոխվելիս, 13-ամյա աղջնակը շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 06։30-ի սահմաններում «Սիսիան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Երասխ գյուղի վարչական տարածքում, իրենց բժշկական կենտրոնից Երևան տեղափոխվելիս, շտապօգնության ավտոմեքենայի մեջ երեխան մահացել է։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության և քննչական բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 13-ամյա Օվսաննա Ս․-ն է։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում բժիշկը ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ երեխան ունեցել է «Սուր շնչառական անբավարարվածություն 3-րդ աստիճանի, թոքերի նուկրովիզցիտ, կիստոֆիբրոզ, ցնցումային համախտանիշ» հիվանդություններ։

Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Կիսվել