«Ես չեմ կարող ասել, որ Աննա Վարդապետյանն իմ կադրն է». Դավիթ Հարությունյան. «Հրապարակ»
«Ես չեմ կարող ասել, որ Աննա Վարդապետյանն իմ կադրն է». Դավիթ Հարությունյան
«Հրապարակ»-ը գրում է. «Այս իշխանություններում բարձր պաշտոն զբաղեցրած կամ դեռ զբաղեցնող պաշտոնյաների մի մասը նախկիններից մնացած կադրեր են։
Օրինակ՝ արդեն նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, տարածքային կառավարման նախկին փոխնախարար Լիլիա Շուշանյանը համարվում էին նախորդ իշխանության կարկառուններից մեկի՝ երկու անգամ արդարադատության նախարար աշխատած Դավիթ Հարությունյանի կադրերը։
Ոմանք Դավիթ Հարությունյանի կադր են համարում նաև նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ով երկու օր է՝ ԱԺ ամբիոնից շինծու քրեական գործերով միջնորդություններ է զեկուցում խորհրդարանի ամբիոնից՝ չփայլելով իրավական պրոֆեսիոնալիզմով ու մասնագիտական բարեխղճությամբ։
Բանն այն է, որ նա մի որոշ ժամանակ Դավիթ Հարությունյանի մոտ խորհրդական է աշխատել, երբ վերջինն արդարադատության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում։
Դրանից հետո Նիկոլ Փաշինյանի օգնականն է եղել, հավանաբար՝ արդարացրել է իրեն և դրանից հետո նոր նշանակվել է գլխավոր դատախազի բարձր ու պատասխանատու պաշտոնին՝ հարուցելով շատերի զարմանքն ու տարակուսանքը։
Դավիթ Հարությունյանը, ով վերջին շրջանում ակնհայտորեն պասիվացել է ու ներքաղաքական հարցերով չի խոսում, չի երևում, մեզ հետ զրույցում ասաց, որ դատախազի՝ ԱԺ-ում հնչեցրած ելույթներին չի հետևել։
«Ընդհանրապես չեմ նայել, որովհետև ժամանակ չեմ ունեցել դրանով զբաղվելու»,- ասաց նա։ Երբ նկատեցինք, որ ոմանք Աննա Վարդապետյանին էլ են համարում իր կադրն ու այսօր իրեն քննադատում են, որ սխալ գիտելիքներ ու որակներ է ուսուցանել, և հիմա նրա աշակերտը սխալ քրեական գործեր է հարուցում, քաղաքական հետապնդումներ է իրականացնում, պարոն Հարությունյանն ասաց․ «Ես չեմ կարող ասել, որ Աննա Վարդապետյանն իմ կադրն է։
Շատ կարճ ժամանակահատված ենք մենք աշխատել, մենք գրեթե չենք հասցրել իրար հետ աշխատել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: