«Եթե ինքն էդքան դուխ ունեցավ՝ ես դիմումս կգրեմ ու դուրս կգամ». Ռազմիկ Մկրտչյան․ «Հրապարակ»
«Եթե ինքն էդքան դուխ ունեցավ՝ ես դիմումս կգրեմ ու դուրս կգամ. Ռազմիկ Մկրտչյան»
Hraparak.am-ը գրում է․ Շենգավիթ համայնքի մի խումբ բնակիչներ ահազանգել են «Հրապարակին», որ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը առանձնատուն է կառուցել Երևանյան լճի տարածքում, իսկ հարակից տարածքում շինարարություն է իրականացնում:
Բնակիչներն ասում են, որ առանձնատան տարածքից Մկրտչյանը աղբաորսիչ կայանը նախապես տեղափոխել է իր տան ներքևում գտնվող Հրազդան գետի ամենանեղ հատվածը, ինչը գետի աղտոտման պատճառ է դարձել:
Աղբաորսիչ կայանը տեղափոխելու նպատակն այն է եղել, որ թաղապետի տան մոտակայքում աղբանոց չլինի: Բնակիչները մտահոգություն ունեն, որ Մկրտչյանը մտադրություն ունի ապամոնտաժել նաեւ առանձնատանն անմիջապես կից գտնվող համաշխարհային պատերազմի ժամանակ գերևարված գերմանացի ռազմագերիների գերեզմանոցը (նկարի վրա խաչի տեսքովն այդ գերեզմանոցն է):
Ինչ վերաբերում է քաղաքապետարանի միջոցներով կառուցվող հանրային գոտուն, ապա այն գտնվում է Մկրտչյանի նորակառույց առանձնատան անմիջական հարևանությամբ, քարքարոտ ու բարձրադիր մի վայր է, որ բնակելի շրջաններից հեռու է գտնվում ու ինչպես նշեցին քաղաքացիները, դժվար թե մարդիկ երկար ճանապարհ անցնեն՝ այդ այգում պարզապես քայլելու համար և Ռազմիկ Մկրտչյանը ևս շատ լավ գիտակցում է այդ հանգամանքը:
Նրանք կարծում են, որ վերջինս պետական միջոցներով մաքրում բարեկարգում է իր տան հարևանությամբ գտնվող տարածքը, որը հայտնի է Ղռեր անվամբ:
Նկարում մեծ շրջանի մեջ պատկերվածը հենց այդ հանգստյան գոտին է:
Բնակիչները տեղեկացնում են, որ ասֆալտապատման աշխատանքներն այնպես են կատարվել, որպեսզի Ռազմիկ Մկրտչյանի առանձնատուն տանող ճանապարհը ևս ասֆալտապատվի:
Մկրտչյանի տնօրինած անշարժ գույքը սրանով չի սահմանափակվում: Ըստ շենգավիթցիների, բացի այս նորակառույց թանկարժեք առանձնատունը, նա ձեռք է բերել նաև մի բնակարան Շենգավիթի թաղապետարանի դիմացի շենքում, Տեցի կռուգում՝ Արտաշատի խճուղի՝ 1/1 հասցեում, որը կիսակառույց մի շինություն է:
Բնակարանն ու այս կիսակառույց շինությունը գրանցված են վերջինիս եղբոր անունով:
Շենգավիթ համայնքի բնակիչները նաեւ համայնքապետարանի ներսից են մանրամասներ փոխանցում։ Այն, որ ասֆալտապատման տենդերներն իրականացում է վարչական շրջանի բաժնի պետ Սարգիս Սարգսյանի ընկերոջը պատկանող ընկերությունը եւ դա պատահական չէ:
«Հրապարակը» կապ հաստատեց 26 տարեկանում վարչական շրջանի ղեկավար նշանակված եւ արդեն 4 տարուց ավելի այս պաշտոնում աշխատող Ռազմիկ Մկրտչյանի հետ եւ նրան ուղղեց բնակիչների ներկայացրած հարցադրումները։
Նա տեղեկացրեց, որ Երևանյան լճի տարածքում տունը ոչ թե կառուցման ընթացքի մեջ է, այլև արդեն ավարտվել է եւ ինքը բնակվում է այնտեղ: «Ես եմ ընտրել այս տարածքը, ինձ համար հարմար է եղել, ավելի նպատակահարմար է եղել այստեղ առնեմ, քան թե հրապարակի մոտ, որովհետև հրապարակի մոտ տունս վաճառել եմ, եկել այստեղ:
Ի դեպ ասեմ, որ եթե ավելի շուտ գնեի, ապա ավելի մատչելի գնով կգնեի, որովհետև ադեն հայտնի էր, որ այգի է կառուցվելու՝ բնականաբար գինն էլ ավելի թանկ էր»,-ասաց Ռազմիկ Մկրտչյանը:
Անդրադառնալով աղբաորսիչ կայանին, Մկրտչյանն ասաց, որ Երևանի քաղաքապետարանն է կառուցել այն՝ Հրազդան գետի ամենանեղ հատվածում՝ Հրազդան փողոցի մոտ, այսպես կոչված, Ղռերի հատվածում`մոտ երկու տարի առաջ:
Մեր դիտարկմանը, որ քաղաքացինեը դժգոհում են, թե կայանը Հրազդան գետի վրա տեղադրելուց հետո գետն աղտոտվել է, ասաց. «Դե որ չեն հասկանում, ինչ ասեմ: Այստեղ աղբաորսիչ չի էլ եղել, այստեղ եղել է լրիվ այլ բան, որը որ ուղղակիորեն հնարավոր չէր մաքրել՝ ես չգիտեմ ինչի մասին է խոսքը»,-ասաց վերջինս:
Անդրադառնալով տան մերձակա հատվածում ասֆալտապատված ճանապարհներին, ասաց. «Մինչև իմ տուն գալացող ճանապարհը բոլոր տեղերը ասֆալտապատում ենք՝ բացի այստեղից, որովհետև սա իմ տան ճանապարհն է: Ճիշտ եք, պետք է մի օր էլ այստեղ ասֆալտապատվի, բայց առաջնահերթ մենք դիտարկում ենք այն տարածքները, որտեղ ավելի շատ դրա կարիքը կա»:
Մեր հարցին, արդյոք ունի՞ մտադրություն՝ ապամոնտաժելու իր տան կողքին գտնվող գերեզմանոցը, նախ ասաց, որ այլևս ոչ մի հարցի չի պատասխանի, հետո հավելեց. «Ո՞նց կարա ճիշտ լինի, դա առնվազն սրբապղծություն է: Էդ ամեն ինչը ասողները չգիտեմ էլի, ոնց են մտածում:
Ես ցավում եմ, որ Դուք ինձ եք այդ հարցը տալիս: Առնվազն ո՞նց կարելի է մտածել, որ գերեզմանոցը կարելի է քանդել, ամենաշատը գիտեք ի՞նչ կցանկանայի՝ տեսնեմ այդ սրիկային ու աչքերի մեջ նայեմ: Այդ մարդն ընդհանրապես ինձ ճանաչո՞ւմ է, ո՞նց կարելի է նման բան ասել:
Ես Ձեզ վստահեցնում եմ, այդքան դուխ ու համարձակություն չի ունենա իմ դեմ կանգնի: Եթե ինքն էդքան դուխ ունեցավ՝ ես դիմումս կգրեմ ու դուրս կգամ:
Հանցագործության մասին կարար հաղորդում տար՝ էնքան լավ կլիներ, իրավապահ մարմինները կպարզեին, կհասկանային»,-ասաց Մկրտչյանը։ Մեր դիտարկմանը, թե դեռ տեղի չունեցածի մասով ինչպե՞ս կարող է որևէ մեկը հանցագործության մասին հաղորդում տալ, ասաց.
«Իրան հարց կտան, կկանչեն, կասեն՝ խնդրում ենք ասեք, ինչի՞ց եք ենթադրում։ Ամեն օր հելնում, մարքում են, կարծում եմ՝ մինչև իրենց տան դեմ լինելը ձեր տանն դեմն էլ է եղել՝ մի օր մաքրե՞լ եք, ժողովուրդ ջան: Կարող է ասեն՝ հա, մենք էլ ենք մաքրել, մենք էլ հանեինք նկարներ ցույց տայինք, ասեինք, որ ցավալի իրավիճակում էր»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում