Զինծառայողներից մեկը «Ուրալ»-ով հարվածել է պատին՝ անցք բացելու համար․ պարզվել են մի շարք հանգամանքներ
Զինծառայողներից մեկը «Ուրալ»-ով հարվածել է պատին՝ անցք բացելու համար․ պարզվել են մի շարք հանգամանքներ
Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից։
ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ
Ինչպես արդեն տեղեկացվել է, 2023թ. hունվարի 19-ին, ժամը 01․30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի, դրա հետևանքով նույն վաշտի զինծառայողների մահվան, մի քանի զինծառայողների տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են ողբերգության հանգամաքները, մասնավորապես հրդեհի առաջացման, զինծառայողների մահվան պատճառները, կացարանում հակահրդեհային կանոնները պահպանված լինելու վիճակը, պատասխանատու պաշտոնատար անձանց շրջանակը պարզելու, նրանց գործողություններին և հնարավոր անգործությանն իրավական գնահատական տալու նպատակով։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում ձևավորվել է քննչական խումբ։
Հունվարի 19-ի գիշերը՝ դեպքից կարճ ժամանակ անց, քննիչների և փորձագետի կողմից սկսվել և մինչև օրվա առաջին կեսը շարունակվել են դեպքի վայրի զննության աշխատանքները։ Դրանց ընթացքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող բազմաթիվ առարկաներ։
Հարցաքննվել են մի շարք ականատես վկաներ։
Քրեական վարույթի շրջանակներում այս պահի դրությամբ կատարված քննչական, վարութային գործողություններով, այդ թվում նաև հարցաքննված ականատես-վկաների ցուցմունքներով պարզվել են դեպքի վերաբերյալ էական մի շարք հանգամանքներ։
Մասնավորապես, ըստ ստացված նախնական տվյալների, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից տեղակայվել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տներից մեկում։
Տունը բաղկացած է եղել նախասրահից և երկու սենյակներից, որոնցից մեկը ծառայել է որպես զինանոց, իսկ մյուսը՝ զորանոց, որտեղ տեղադրված են եղել երկհարկանի զինվորական մահճակալներ։ Տան ջեռուցումն իրականացվել է փայտե վառարանի միջոցով, որը տեղադրված է եղել նախասրահում։
2023 թվականի հունվարի 18-ին, զորամասի ինժեներական ծառայության սպա կապիտանը նշանակվել է ինժեներասակրավորային վաշտի պատասխանատու և իր ծառայությունը կատարել է նշված կացարանում։
18․01․2023թ-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, ինժեներասակրավորային վաշտի անձնակզմը, ավարտելով իրեն հանձնարարված աշատանքները, վերադարձել է հիշյալ կացարան և ժամը 21։30-ից սկսած պառկել է քնելու։
19․01․2023թ-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, անձնակազմի հիմնական մասը գտնվել է զորանոցում՝ քնած, իսկ 2 ժամկետային զինծառայող վարորդները գնացել են աղբյուրից ջուր բերելու։ Օրվա հերթապահը գտնվել է կացարանից քիչ հեռու գտնվող խոհանոցում և խոսել է բջջային հեռախոսով։
Այդ ընթացքում վաշտի պատասխանատու կապիտանը հերթապահ ժամկետային զինծառայողից հարցրել և տեղեկացել է վառարանը վառելու նպատակով ավտոկայանատեղիում՝ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի գործարկման սարքավորումը (մեկնարկիչը) լիցքավորելու համար նախատեսված ավտոբենզինի առկայության մասին։ Այնուհետև 5 լիտր տարողությամբ պլաստամսե տարայում գտնվող ավտոբենզինով փորձել է վառել վառարանը։
Այս հանգամանքը փաստվում է նաև վկաների տված ցուցմունքով առ այն, որ այդ հատվածում եղել է բենզինով լցված 5 լիտրանոց 10 տարա, մինչդեռ դեպքի վայրի զննությամբ այնտեղ հայտնաբերվել է 9-ը։
Վառարանն ավտոբենզին լցնելուց հետո բոց է բռնկվել, որի հետևանքով պատասխանատու կապիտանը, այրվածքներ ստանալով, մեխանիկորեն իր ձեռքի ավտոբենզինով լի տարան նետել է մի կողմ, որն ընկել է կացարանի մեջ, ապա տվյալ օրվա վերակարգում գտնվող մեկ այլ ժամկետային զինծառայողի հետ, ով նույնպես ստացել է այրվածքներ, մի կերպ կարողացել են դուրս գալ կացարանից։
Կացարանի ողջ տարածքով կրակի արագ տարածման հետևանքով զինծառայողները չեն կարողացել կացարանի մուտքով դուրս գալ, սակայն դրսում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողները կարողացել են 2 ժամկետային զինծառայողի օգնել դուրս գալ զորանոցից։
Դրսում գտնվող ժամկետային զինծառայող վարորդներից մեկը «Ուրալ» մակնիշի ավոտմեքենայով երկու անգամ հարվածել է կացարանի պատին՝ անցք բացելու և համածառայակիցներին այնտեղից դուրս բերելու նպատակով, որի արդյունքում պատի որոշակի հատված քանդվել է։ Սակայն կրակի արագ տարածման պատճառով կացարանում գտնվող մյուս զինծառայողներին չեն կարողացել դուրս բերել, որի արդյունքում թվով 15 ժամկետային զինծառայողներ մահացել են։ Նրանց դիերը դուրս են բերվել հրդեհը մարվելուց հետո։
Նախաձեռնված քրեական վարույթով որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու և նմուշ ստանալու մասին, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, դատագենետիկական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվելու են բոլոր միջոցները նաև հանրությանը հետաքրքրող հարցերի պատասխանները վարույթի շրջանակում լիարժեք ստանալու համար։ Այդ նպատակով մամուլում տեղ գտնող՝ դեպքին առնչվող, իրենց մեջ կոնկրետություն պարունակող հրապարակումները ևս դարձվելու են ստուգման առարկա։
ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի քրեական վարույթի ընթացքի և արդյունքների մասին։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: