Ողբերգական դեպք Վանաձորում․ տղամարդը երթուղայինի հետևից վազելիս՝ վայր է ընկել ու գլխով հարվածել մետաղական նստարանին, նա տեղում մահացել է
Ողբերգական դեպք Վանաձորում․ տղամարդը երթուղայինի հետևից վազելիս՝ վայր է ընկել ու գլխով հարվածել մետաղական նստարանին, նա տեղում մահացել է
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Համբարձումյան 9 հասցե, որտեղ կանգառում հայտնաբերել է տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, Ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Արթուր Բեժանյան ու նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը։
Մինչ տեղում աշխատում էր դատական բժիշկը, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ Ա․ Հարությունյանի և անչափահասների գործերով բաժանմունքի պետ Ա․ Ֆնդկյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը Վանաձորի բնակիչ 77-ամյա Լյովա Մ․-ն է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վերջինս երթուղային տաքսու հետևից վազելիս վայր է ընկել, գլխի շրջանում հարվածել տրանսպորտային միջոցների համար կառուցված կանգառի մետաղական նստարանի ակյունակին, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է։
Դեպքի փաստով՝ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Իսկ ճանապարհը եղել է անցանելի։