Մանկատան աշխատակիցները 130 մլն դրամ են յուրացրել
Մանկատան աշխատակիցները 130 մլն դրամ են յուրացրել
«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը` պատճառելով շուրջ 130 մլն դրամի վնաս։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Քննությունը պարզել է, որ 2017-2022 թվականների ընթացքում կենտրոնի աշխատակիցները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են ներկայացրել Կառավարության որոշմամբ հաստատված հաստիքային միավորների չափորոշիչներից ավելի հաստիքացուցակներ:
Ավելին` նախարարության պաշտոնատար անձինք ևս, չարաշահելով պաշտոնեական դիրքը, խախտելով կառավարության որոշումը, համաձայնություն են տվել ներկայացված հաստիքացուցակներին։
Այսպիսով` 5 տարվա ընթացքում հաստատվել է շուրջ 60 ավել հաստիք և շուրջ 124 մլն դրամ ավելի աշխատավարձ։
«Բացի այդ, կազմակերպությունը Ա/Ձ–ի հետ կնքել է ախտահանման ծառայություններ կատարելու պայմանագիր՝ վճարելով 6 մլն դրամ, այն դեպքում, երբ ախտահանման աշխատանքների պարբերականությունը հիմնականում չի համապատասխանել պայմանագրի ժամանակացույցին։ Մանկատունն ունեցել է ախտահանողի հաստիք, համապատասխան նյութեր, իսկ «Արաբկիր» ԲԿ-ից ստացել է ախտահանման սարք»,– ասված է հաղորդագրությունում։
Պարզվել է նաև, որ մանկատանը հաշվառված ավտոմեքենայի վարորդը վեց ամիս եղել է հարկադիր պարապուրդում, սակայն նրա անվամբ պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ են ներառվել։ Արդյունքում յուրացվել է 411.700 դրամ արժողության 1420 լիտր բենզին:
Գլխավոր դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: