Մամուլ

Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Օշական գյուղում. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի, փրկարարները մեծ դժվարությամբ դուրս են բերել մոխրացած 3 դի

Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Օշական գյուղում. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի, փրկարարները մեծ դժվարությամբ դուրս են բերել մոխրացած 3 դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր` հոկտեմբերի 25-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 21։00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Օշական ճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Տառերի պուրակի հարևանությամբ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանը, ապա ծառերին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը։

Քանի որ էլեկտրասյունից կար վտանգ, որ հնարավոր է՝ հոսանքահարվեին հրշեջները, էլեկտրոցանցը հոսանքազրկեց մեքենան, և հրշեջներ սկսեցին ավտոմեքենայի միջից դուրս բերել մոխրացած 3 դի, դեպքի վայրից էլ 1 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Իրավիճակը նշված վայրում բավականին լարված էր, քանի որ մահացածների հարազատները ժամանել էին դեպքի վայր, ինչի համար էլ մարզի ոստիկանապետ Տ. Կարապետյանի կարգադրությամբ մեծ թվով ոստիկանության ծառայողներ էին ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնից, ովքեր ճանապարհային ոստիկանների հետ ուժեղացված ծառայություն էին կատարում, որպեսզի կարողանայիյ հրշեջ-փրկարարները աշխատեին, ինչը ոստիկաններին հաջողվել է։

Հրշեջ-փրկարարները մոտ 1.5 ժամ հատուկ տեխնիկայի միջոցով նոր կարողացել են դիերը դուրս բերել և մոտեցնել օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներին։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյնը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Հովիկ Խաչատրյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ստեփան Սուքիասյանի, Նորայր Խաչատրյանի և Կարեն Համբարձումյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլորը Օշական գյուղից են։

Կիսվել