Մամուլ

«Դադարեցրեք անհարկի շահարկումները»․ Միքայել Համբարձումյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Դադարեցրեք անհարկի շահարկումները»․ Միքայել Համբարձումյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԱԾ նախկին տնօորեն Միքայել Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարոն վարչապետ

2022 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ ազգային ժողովում ելույթի ընթացքում «խոպանչիության», լրտեսության և դավաճանության մեղադրանքներ հնչեցրեցիք ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամների հասցեին։

Նշված հայտարարությանը նույն օրը միությունը բավականին մեղմ արձագանքեց՝ հայտնելով, որ վարչապետի ելույթն առնվազն զարմանք է առաջացնում և ներկայացված մեղադրանքներն անհրաժեշտ է ուղղել իրական հասցեատերերին։

Դրանից անմիջապես հետո ԱԱԾ մեր գործընկերներից գրավոր պարզաբանում պահանջեցինք, թե վարչապետի մեղադրանքներն ում էին կոնկրետ հասցեագրված և ինչն է առիթ հանդիսացել, որին ի պատասխանին, ըստ էության, հայտնվեց, որ ՀՀ վարչապետի հայտարարությունները մեկնաբանելու իրավասություն ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը վերապահված չէ։

Ելույթի բառացի վերլուծությունը ինձ թույլ է տալիս եզրահանգել, որ այն հասցեագրված է եղել նաև ինձ, ուստի, ԱԱԾ վերոհիշյալ պատասխանը ստանալուց հետո, նպատակահարմար եմ գտնում արձագանքել անձամբ, իմ անունից։

Բառացի նշել եք հետևյալը՝ «Էսօր մարդիկ կան, ում ես հանձնարարել եմ շատ խիստ գտնվեն, հետո պաշտոնից զրկվել են, էսօր ընդդիմության հարթակներում դոշ են ծեծում։ Չգիտեմ ազգային անվտանգության ծառայության սպաների միություն, տո արա,՛ դուք նամուս ունենաք էսօր փողոց դուրս կգա՞ք՝ երկրի կեսը շպիոն է եղել ձեր պաշտոնավարության ընթացքում, դուք հասարակական կազմակերպություն եք հիմնում՝ ազգային անվտանգության ծառայության։

Հայաստանի Հանրապետությունում ձեր օրոք ԱԱԾ չի եղել, խոպանչիների բրիգադ եք դուք եղել, խոպանչիների բրիգադ, ցավոք սրտի նաև մեր ժամանակ նշանակվածների շրջանից։ Ազգային անվտանգության ծառայության սպաների միություն, տո դուք ով… ազգային անվտանգության ծառայություն, ձեզանով ԱԱԾ-ն պետք է զբաղվի, որովհետև շատ դեպքերում հլը պետք է հասկանանք՝ դուք ամեն մեկդ քանի երկրի շպիոն եք, ընդհանրապես»:

Պարոն վարչապետ, չեմ ցանկանում կարճ ու լակոնիկ պատասխանել, քանի որ խոսքս ուղղում եմ Ձեզ, հետևաբար՝ ուզում եմ առավել ընկալելի լինել, ձևավորել օբյեկտիվ կարծիք։ Փորձեմ, կոնկրետացնելով, անդրադառնալ Ձեր խոսքերին ու գնահատականներին՝

• «Էսօր մարդիկ կան, ում ես հանձնարարել եմ շատ խիստ գտնվեն, հետո պաշտոնից զրկվել են, էսօր ընդդիմության հարթակներում դոշ են ծեծում»: Ձեր այս փաստարկը հասկանում եմ, որ կարող է ինձ վերաբերել, քանի որ 44-օրյա պատերազմի ժամանակ իսկապես դուք ինձ հանձնարարել եք պատերազմի ընթացքին առնչվող կոնկրետ հարցում (չեմ մանրամասնում) խիստ գտնվել, ընդ որում՝ շեշտել եք, որ անձնական պատասխանատվություն եմ կրում դրա ընթացքի կատարման համար, եթե, իհարկե, նկատի ունեք այն դեպքը, ինչը ես այժմ մտածում եմ։

Նշված հարցում և ընդհանրապես, իմ խստության ու պահանջկոտության վերաբերյալ կարող է վկայել ԱԱԾ գործող ողջ ղեկավար կազմն առանց բացառության, քանի որ ականատես են եղել, թե ինչ միջոցներ եմ ձեռնարկել ու ինչ հետևանքներ եմ առաջացրել Ձեր հանձնարարությամբ իմ և մյուս երկու մարմինների ղեկավարների կողմից համատեղ արձակված գրավոր հրամանի պահանջների պատշաճ կատարումն ապահովելու համար, ինչը, ցավոք, իսկապես ձախողվեց տեղերում պատասխանատուների կողմից աշխատանքը ճիշտ չկազամակերպելու և նշված հրամանի պահանջներն, ըստ էության, լիարժեք չկատարելու հետևանքով։

Նշված հանձնարարության ձախողման հարցում ես, եթե նույնիսկ չնչին մեղք ունենայի, վստահ եմ, մինչ այսօր ինձ հարյուր անգամ պատասխանատվության կանչած կլինեին` չէ որ ես լավ գիտեմ, թե դուք իրավապահներին ինչ հրամաններ տալու հնարավորություն, ունակություն ունեք և ինչ հետևանքներ կառաջանային (ի վերջո՝ ղեկավարել եմ իրավապահ ոլորտի օպերատիվ սպասարկումն իրականցնող ստորաբաժանումը)։ Եղելությունը հասկանալու համար պահանջեք հաշվառված տեղեկանքով զեկուցել իրական փաստերն ու նոր միայն տվեք գնահատական։ Ի դեպ՝ գրքում, որը նախատեսում ենք առաջիկայում հրատարակել, ես անդրադարձել եմ նշված դրվագին, թույլատրելիության սահմաններում նկարագրել եմ այն և Ձեր գործողությունների ու միտման վերաբերյալ հայտնել իմ կարծիքը, տվել գնհատականը:

• «Պաշտոնից զրկվելու, այսօր ընդդիմության հարթակներում դոշ ծեծելու, Ազգային անվտանգության ծառայության սպաների միություն հիմնադրելու…» Ձեր փաստարկների կապակցությամբ հայտնում եմ հետևյալը. կրկնում եմ, ես պաշտոնը թողել եմ իմ նախաձեռնությամբ և ցանկությամբ, դուք դրանից ինձ չեք զրկել։ Համակարգում այլևս չէի ցանկանում աշխատել, քանի որ, այլ պատճառների հետ մեկտեղ, չէի կարողանում հասկանալ, թե ո՞րն է Ձեր քաղաքական թիմի իրական նպատակը և ո՞ւր եք տանում Արցախն ու Հայաստանը։ Ընդդիմության հարթակում ես երբեք չեմ եղել, եթե լինեի՝ ինքնուրույն կամ որևէ կուսակցության կազմում ակտիվ կզբաղվեի քաղաքականությամբ ու կընդգրկվեի նրանց ընտրացուցակներում։

Ես ընդամենը կիսում եմ մեր Հայրենիքին սպառնացող վտանգների կապակցությամբ թե՛ քաղաքացիների մի զգալի հատվածի և թե՛ ընդդիմության մտահոգությունները։ Մնում եմ նույն համոզմունքին, որ Արցախն ու Հայաստանն այս ծանր իրավիճակից կարող ենք դուրս բերել միայն համախմբված՝ Հայաստան, Արցախ և Սփյուռք եռամիասնության ջանքերով, երկրում դրական մթնոլորտ ձևավորելով։ Ի վերջո գիտակցեք՝ յուրաքանչյուր մարդ սեփական կարծիքն ունենալու ու այն բարձրաձայնելու իրավունք ունի և այլ կարծիք ու մոտեցում ունեցող մարդը, Ձեր թշնամին չէ։ Մենք մե՛ր Հայրենիքում ապրող ազատ մարդիկ են, ովքեր շատ հարցերում կարող են պարզապես այլ տեսակետ ունենալ, այդ թվում՝ երկրի ղեկավարի թեկնածուի հետ կապված։ Հավատացեք՝ Հայաստանում պետք է խորապես ամրապնդվի դեմոկրատական արժեհամակարգը, այլապես դոփելու ենք տեղում։ Մենք պարտավոր չենք լռել, եթե տեսնում ենք ակնհայտ սխալներ ու վնասաբեր քայլեր, և Դուք էլ կուռք չեք, որ հաճոյանալու, քծնելու համար բացառապես սրբացնենք ու գովաբանենք, ամեն ինչ չափ ու սահման ունի։

«Ազգային անվտանգության պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն ձևավորվել է, քանի որ իսկապես նման կառույցի կարիքը կա անվտանգության համակարգի մեր միջավայրում։ Մենք փորձել ենք համախմբել պահեստազորում գտնվող սպաներին, նրանց պոտենցիալն օգտագործելի դարձնել երկրին, ինչու չէ, նպաստել նրանց աշխատանքային, կենցաղային խնդիրների լուծմանը, ինչը ցավոք դեռևս չի ստացվում, քանի որ ԱԱԾ-ն գործնականում ոչնչով չաջակցեց կառույցին:

Վստահ եմ` քաղաքական դրդապատճառներով։ Դուք ինքներդ պետք է շահագրգռված լինեք, որ Հայաստանում լինի գործող նման արդյունավետ կառույց, քանի որ այն անհրաժեշտ է երկրին իրենց կյանքը նվիրաբերած մարդկանց, նպաստելու է նոր սերնդի դաստիարակությանը` ԱԱԾ-ն գրավիչ դարձնելով ծառայության համար: Մինչդեռ դրա փոխարեն, փաստացի ծաղրում և հեգնում եք միությանը, կարծես Դուք չեք առավոտից իրիկուն ԱԱԾ-ով բոլորին սպառնացողը։ Գոնե տարրական հարգանք ունեցեք այն աշխատակիցների հանդեպ, ովքեր կատարում են կամ կատարել են ձեր բոլոր հրամանները և ցուցումները։

• Հայաստանի Հանրապետությունում մեր օրոք ԱԱԾ-ի գոյություն չունենալու, մեր պաշտոնավարության ընթացքում երկրի կեսը շպիոն լինելու, իսկ մենք խոպանչիների բրիգադ (այդ թվում, ցավոք, նաև Ձեր ժամանակ նշանակվածների շրջանից) և մի քանի երկրի շպիոն հանդիսանալու վերաբերյալ Ձեր փաստարկների կապակցությամբ հայտնում եմ հետևյալը. ԱԱԾ-ում առայսօր գրեթե 100 տոկոսով աշխատում են նույն այն մարդիկ, ում հետ պատիվ եմ ունեցել տարիներ շարունակ համատեղ ծառայել, ընդ որում՝ այսօրվա ղեկավար կազմը (բացառությամբ մեկ տեղակալի) նույն այն մարդիկ են, ովքեր նախկինում ևս համակարգում զբաղեցրել են ղեկավար պաշտոններ ու պատասխանատու են եղել ծառայության որակյալ գործունեության համար:

Հետևաբար, եթե Դուք ունեք դժգոհություններ ծառայության աշխատանքից, հավասարապես այն պետք է ուղղված լինի նաև գործող աշխատակիցներին։ Իհարկե, ես հասկանում եմ` քանի դեռ նրանք աշխատում ու կատարում են Ձեր հանձնարարականները, ապահովում են իշխանության անվտանգությունը՝ իրենցից դժգոհել չեք կարող, իսկ ազատվելուց հետո ենթադրում եմ նրանց էլ կթիրախավորեք, եթե համարձակվեն հոսանքին դեմ լինել։

Ի դեպ՝ ԱԱԾ պատմության թանգարանում կարող եք ծանոթանալ պատմական փաստերին, նմուշներին ու աշխատակիցների կենսագրություններին (այդ թվում՝ մեր աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ): Վստահ եմ՝ արդյունքում կփոխեք Ձեր մոտեցումը և կգիտակցեք, որ ԱԱԾ-ն նախկինում ևս եղել ու արդյունավետ գործել է, այն միայն «ասֆալտին փռելու» շոուի համար չէ։

Նկատի ունեցեք, որ պետական բարձրագույն պարգևների կամ գնդապետի, գեներալի կոչումների, բարձր պաշտոնների անհասկանալի հանգամանքներում ու պատճառներով արժանացած մարդկանց մասին տվյալներ այնտեղ չեք տեսնելու, հուսամ՝ դեռևս դրան չի հասել։ Միաժամանակ, լիովին համակարծիք եմ, որ ԱԱԾ-ն ունի լրջագույն բարեփոխման կարիք, այլապես՝ մենք չէինք ունենա նման բացթողումներ ու երկիրը չէինք հասցնի այս ծանր իրավիճակին…

Պետական դավաճանության մեջ այսօր մեղադրվող տասնյակ քաղաքացիների գերակշիռ մասը ցածր զինվորական աստիճան ունեցող ՊՆ զինծառայողներ են, ովքեր միամտաբար կամ շահադիտական դրդապատճառով հայտնվել են հակառակորդի հետախուզական ծառայությունների ծուղակում։

Որևէ կերպ չցանկանալով նվազեցնել մեր գործընկերների կատարած աշխատանքի նշանակությունը` ուզում եմ ընդամենը նշել հետևյալը. նման դեպքեր բացահայտվել են նաև նախկինում, անձինք ենթարկվել են քրեական պատասխանատվության կամ դրանից ազատվել են համապատասխան իրավական հիմքով, կամ, եթե հանցակազմ չի պարունակել, արարքը կանխվել է պրոֆիլակտիկ միջոցառումների արդյունքում՝ օպերատիվ տարբեր կոմբինացիաներ (խաղեր) իրականացնելով։

Ընդ որում` դեպքերը հիմնականում չեն հանրայնացվել բանակի հեղինակությունը չխաթարելու, նման մակարդակի բացահայտումներն միգուցե այդ չափ չկարևորելու պատճառով։ Պետական դավաճանության և լրտեսության այլ դեպքերի համեմատությամբ այս դեպքերի բացահայտումն առանձնակի բարդություն չի ներկայացրել:

Այնպես որ բացահայտումների փաստը նման կերպ գովերգելը և նախկինում իրականացված աշխատանքների վրա ցեխ շպրտելը, կարծում եմ, առնվազն անարդար է։ Իհարկե, բնականաբար, հավաքագրված անձինք պատերազմական գործողությունների ընթացքում շատ ավելի ակտիվություն պետք է ցուցաբերեին, հետևաբար՝ մեծանալու էր ԱԱԾ տեսադաշտում նրանց հայտնվելու հավանականությունը։

Ի դեպ՝ լուսաբանված վերջին դեպքերը բացահայտվել են զինվորական ոլորտում, որի նկատմամբ հակահետախուզական աշխատանքների ապահովումն իրականացվել է ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարատամենտի կողմից և որի ղեկավար կազմն առ այսօր չի փոխվել: Այսինքն՝ նույն մարդիկ են աշխատել և՛ նախկինում, և՛ հիմա: Այնպես որ դադարեցրեք անհարկի շահարկումները և այս հարցում մեղադրանքներ հնչեցնելուց առաջ փորձեք հասկանալ, թե ովքեր են եղել այդ ոլորտի պատասխանատուները։

Պարոն վարչապետ, խոպանչիներն այն մարդիկ են, ովքեր դրսում, հիմնականում Ռուսաստանում, գումարներ են վաստակել, հետևաբար ԱԱԾ աշխատակիցների պարագայում, եթե նրանք դրսից, այլ պետությունից գումարներ են ստացել, ուրեմն, ենթադրաբար, պետական դավաճաններ են, քանի որ համակարգի աշխտակիցն այլ պետությունից գումար ստանալ պարզապես չի կարող, իրավունք չունի։

Չեմ կարողանում որևէ կերպ հասկանալ, թե ինչն է Ձեզ հիմք տվել իմ (մեր) հասցեին «խոպանչիության», լրտեսության կամ պետական դավաճանության մեղադրանքներ հնչեցնելու համար, քանի որ դուք չեք կարող այդ իմաստով մատնացույց անել գեթ մեկ փաստ, թեկուզ կասկածի մակարդակի, իսկ եթե ունեք նման կասկածներ՝ վստահաբար կարող ենք փարատել։

Կարծում եմ, որ Ձեզ սխալ, խեղաթյուրված տվյալաներ են զեկուցվել (ինչը վաղ թե ուշ պարզվելու է) կամ Դուք անտեղյակ եք եղելությունից և ընդամենը, միամտաբար կամ հանրության ուշադրությունը շեղելու միտումով, հիմնազուրկ, էմոցիոնալ հայտարարություններ եք անում։ Ի դեպ, ես կմտածեմ, թե ո՞ր ոլորտներում և ո՞ւմ նկատմամբ օպերատիվ միջոցառումները, Ձեր հայտարարության իմաստով, իսկապես ողջամիտ կասկած կարող են պարունակել։

2018 թվականի հեղափոխությունից հետո, գիտակցելով երկրի առաջ ծառացած խնդիրները, անձամբ ես մեծ նվիրումով շարունակել եմ աշխատել համակարգում, ձգտել եմ, ի նպաստ մեր հայրենիքի, աջակցել առաջ քաշված գաղափարների իրականացմանը: Սկզբնական շրջանում ղեկավարել եմ ԱԱԾ քննչական, այնուհետ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտները։

Աշխատանքի ընթացքում չեմ խուսափել վտանգներից, պատասխանատվությունից, չեմ դավաճանել ծառայության, պետության, ինչու չէ, նաև Ձեր իշխանության շահերը: Ավելին՝ կապ ունենալով բյուջե տասնյակ միլիարդավոր դրամների վերականգնման գործարքների հետ, չի եղել գեթ մեկ դեպք, որ դրանք ստվերվեն կոռուպցիոն ռիսկերով։

Ձեր իսկ կողմից նշանակվել եմ ԱԱԾ տնօրենի տեղակալի, այնուհետ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոններում, պարգևատրվել եմ վարչապետի հուշամեդալով։

Այսինքն` Ձեր մոտեցմամբ ստացվում է, որ երբ աշխատում էի՝ լավն էի, իսկ հետագայում, երբ չցանկացա այլևս աշխատել, երկրի համար ստեղծված ծայրաստիճան վտանգավոր վիճակից դրդված, դեմ գնալով լռելու իմ իսկ սկզբունքներին, ստիպված եղա գաղտնիության սահմանները պահպանելով խոսել, քննադատական խոսք հնչեցնել, Ձեզ համար կարծես դարձա թիրախ, և դուք իրավունք եք վերապահում վիրավորական, վարկաբեկող արտահայտություններ թույլ տալ իմ (գործընկերներիս) հասցեին։

Ձեր մասին ես մշտապես խոսել եմ հարգալից, կոռեկտ: Ի տարբերություն շատերի, երբեք չեմ մեղադրել դավաճանության մեջ` պնդելով, որ առանց բազմակողմանի և օբյեկտիվ քննության չի կարելի որևէ մեկի և հատկապես երկրի ղեկավարի հասցեին նման մեղադրանք հնչեցնել:

Այնինչ դուք, չնայած զբաղեցրած բարձր դիրքին, այնպիսի հայտարարություններ եք անում (նույնիսկ դիմում եք «արայով»), որոնք դատարանում վիճարկելու դեպքում վստահ եմ ստիպված եք լինելու ժխտել, ինչին բացարձակապես չեմ ձգտում։

Պարոն վարչապետ, ամեն ինչ մի կողմ թողնելով՝ հանուն երկրի համախմբվել ու պայքարել է պետք, միայն պայքարողի համար է դուռ բացվում»։

Կիսվել