Ֆիլմի ողջ ընթացքում շատ բարդ տեսարաններ եմ ունեցել, տառապանքներ, ծանր ապրումներ. Էվա Խաչատրյան
Դերասանուհի Էվա Խաչատրյանը, ով արդեն մեկ տարուց ավելի է, ինչ նկարահանվում է «Կայարան» հեռուստասերիալում զրուցել է իր կերպարի մասին: Ի դեպ՝ վերոնշյալ նախագիծն արդեն մոտենում է իր հանգուցալուծմանը:
Զրույցում Էվա Խաչատրյանը նշել է, որ սերիալում իր հերոսուհուն համակրողները սրտնեղելու պատճառ կունենան, քանի որ ըստ սցենարի նա ինքնասպասնություն է գործելու:
«Կայարան» սերիալը շատ մեծ վարկանիշ ունի, և ես դրա համար շատ ուրախ եմ, որովհետև ինքս եղել եմ դրա ապահովման հիմքում. բացի գլխավոր հերոսներից այս սերիալում գործում էին կերպարներ, որոնք անմիջական ներգործություն ունեին սյուժետային կտրուկ և շրջադաձային զարգացումների մեջ:
Ըստ սցենարիստի՝ նախատեսված է, որ իմ կերպարը պետք է ինսքնասպան լինի, այս դեպքում, կարծում եմ, արդարացված է, որովհետև նա աղջիկ է, ով կորցրել է ամեն ինչ, այլեւս չունի ապրելու շարժիչ ուժ: Չկան սիրած տղան, ծնողները, եղբայրն էլ համարյա թշնամին է: Ֆիլմի ընթացքում իմ կերպարը շատ խոցվեց և տանջվեց, ինչը նրան բերում է ոչ ճիշտ հոգեկան վիճակի»,- պատմեց դերասանուհին, իսկ հարցին, թե հանդիսատեսը նման կտրուկ հանգուցալուծմամբ արդյոք չի հիասթափվի Էվա կերպարից, դերասանուհին ասաց.
«Անձամբ ես կցանկանայի, որ սերիալում իմ կերպարի ճակատագիրը դրական հանգուցալուծում ստանար: Ֆիլմի ողջ ընթացքում շատ բարդ տեսարաններ եմ ունեցել, տառապանքներ, ծանր ապրումներ, իսկ ամիսներ առաջ, ըստ սցենարի, հերոսուհիս երեխայի էր սպասում, բայց կորցրեց:
Օրինակ, եթե սցենարը ես գրեի, կուզեի, որ հերոսուհիս երեխային չկորցներ, որպեսզի սիրած մարդու մահից հետո երեխայի տեսքով շարունակություն լիներ և ոչ թե կորուստ, բայց սցենարիստը այլ մարդ է, և նա այլ կերպ է տեսնում կերպարի շարունակությունը»: