Մամուլ

«Ժամանակը եկավ հրաժեշտ տալու». Տաթեւիկ Ռեւազյանը հրաժարական է տվել

«Ժամանակը եկավ հրաժեշտ տալու». Տաթեւիկ Ռեւազյանը հրաժարական է տվել

Տաթեւիկ Ռեւազյանը հրաժարական է տվել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Հրաժարականի առնչությամբ, նա, մասնավորապես, նշել է.

«Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Ես երախտապարտ եմ այս հնարավրության համար, որն ինձ ընձեռվեց՝ գրեթե 4 փորձություններով եւ հաջողություններով լի տարիներ ծառայելու ավիացիայի ոլորտին եւ մեր ժողովրդին:

Ես հպարտ եմ այն արդյունքներով, որոնց մեր թիմը հասավ, հատկապես՝ մեր երկնքի անվտանգության ապահովանն ուղղված քայլերով: Առաջիկայում հստակորեն տեսանելի կլինեն նաեւ անվտանգության բարելավմանն ուղղված քայլերի արդյունքները:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս ընթացքում անցավ եւ անցնում է շատ լուրջ բարեփոխումների եւ արդիականացման գործընթացներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ավիացիոն իշխանություններն այժմ ճիշտ ուղու վրա են՝ միջազգային բարձր որակի ստանդարտներին հասնելու առումով: Սա հաշվի առնելով, վստահ եմ, որ շուտով եւս ականատեսը կլինենք լավ լուրերի: 

Տաթևիկ Ռևազյան

Երբ 2018 թվականին ես միացա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, գլխավոր նպատակս էր Հայաստանը դարձնել ներդրողների համար գրավիչ ուղղության:  Քովիդ 19-ի ի հայտ չգալու պարագայում ուղեւորահոսքերի ակնկալվող աճի տեմպերը ՀՀ-ն կդասեին աշխարհում աճի ամենաբարձր ցուցանիշներն ունեցող երկրների ցանկում։

Միեւնույն ժամանակ ես ցանկանում էի, որպեսզի Հայաստանը ունենա մրցունակ եւ անվտանգ ազգային փոխադրող, եւ Ֆլայ Առնայի մեկնարկի հայտարարությունը կարեւոր քայլ էր այդ իմաստով: Էյր Արաբիա Գրուպի կողմից իրականացված ներդրումը մեզ բերեց աշխարհի ամենաանվտանգ եւ ամենամրցունակ ավիաընկերություններից մեկի knowhow-ն:

Այսպիսով, ես հասա այն նպատակներին, որոնք դրել էի իմ առջեւ 2018 թվականին, բայց, ինչեւիցե, այսուհետ եւս ես պատրաստ եմ ամեն կերպ աջակցելու հայկական ավիացիայի լուսավոր ապագային հասնելու գործին:

Կուզենայի նաեւ նշել եւս մեկ կարեւոր հանգամանքի մասին։ Լինելով քաղաքականությունից հեռու մարդ, եւ հետեւաբար կաշկանդված չլինելով որեւէ քաղաքական գործընթացներով, ես միշտ ընդգծել եմ ազատ, անկախ եւ պրոֆեսիոնալ գործարար կին լինելու կարեւորությունը եւ որոշել եմ շուտով կրկին վերադառնալ բիզնեսի աշխարհ:

Իմ՝ Կոմիտեի ղեկավար լինելու ընթացքում կյանքն ինձ օրհնեց երկու երեխաներով, բայց ես անդադար աշխատում էի, եւ բոլոր կանանց, ովքեր ունեն հատկապես ղեկավար պաշտոններ, խորհուրդ եմ տալիս, որ իրենց կարիերան չզոհաբերեն նմանատիպ իրավիճակներում, քանի որ մայրությունը եւ առաջնորդությունը խորապես փոխկապակցված են:

Այսպիսով, սրանք իմ կյանքի ամենադժվարին տարիներն էին, բայց եւ ամենաիմաստալիցները: Ես երախտապարտ եմ եւ գնահատում եմ այս հնարավորությունը, որն ինձ ընձեռվել էր՝ իմ  ներդրումն ունենալու մեր սիրելի ոլորտի զարգացման գործում:

Ես կցանկանայի իմ շնորհակալությունը հայտնել իմ գործընկերներին, իմ թիմին, այն նվիրվածության եւ սիրո համար, որ նրանք տածում են ավիացիայի հանդեպ:

Հարգելի ընկերներ, ինչպես միշտ, այժմ եւս ենթադրում եմ  կլինեն իմ հրաժարականի պատճառների հետ կապված հոլիվուդյան մոտիվներով համեմված կեղծ լուրեր եւ բանբասանքներ։ Ես աշխատանքից դուրս եմ գալիս դրական էմոցիաներով եւ ոչ ոքի հետ չունեմ միջանձնային որեւէ տարաձայնություն։ Խնդրում եմ թեթեւ տանեք եւ չհավատաք ։)

Սիրով՝ Տաթեւիկ»:

Կիսվել