Արտակարգ դեպք՝ Երևանում. ավտոտեխսպասարկման կետում պայթյուն է տեղի ունեցել
Արտակարգ դեպք՝ Երևանում. ավտոտեխսպասարկման կետում պայթյուն է տեղի ունեցել
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 12։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Ա. Հովաննիսյան փողոցի 20 շենքի հետնամասում գործող ավտոտեխսպասարկման կետում պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ նշված ավտոտեխսպասարկման կետում տեղի է ունեցել էլեկտրական լարերի խափանում, ինչից առաջացել է պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Մինչ հրշեջների ժամանումը, տեղի ուժերով մարել են կրակը, իսկ փրկարարները պայթյունի հետևանքով նշված շենքի հարևանությամբ գտնվող թիվ 16 շենքի վերելակում արգելափակված մի քաղաքացուհու դուրս են բերել այնտեղից։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ավտոտեխսպասարկման կետի աշխատակից՝ 44-ամյա Էդգար Զ-ին։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Վանուշ Հովհաննիսյանը, Վարդգես Մկրտչյանն ու Պետրոս Վահանյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։ Թե ինչն է եղել պայթյուն-հրդեհի բռնկման պատճառը, պարզվում է։