Մամուլ

ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը Mercedes-ի միջից հայհոյանքներ է ուղղել պարեկների հասցեին․ կիրառվել է հատուկ միջոց

ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը Mercedes-ի միջից հայհոյանքներ է ուղղել պարեկների հասցեին․ կիրառվել է հատուկ միջոց

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկ Արա Մ.-ն նույն գումարտակի ավագ պարեկ Ք. Ն.-ի հետ ծառայություն իրականացնելիս է եղել Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի սկզբնամասում, երբ նրանց մոտով երթևեկող Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից հայհոյանքներ են հնչեցրել պարեկների հասցեին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս իրավախախտի ինքնությունը պարզելու նպատակով կանգնեցրել են Mercedes-ը, որից իջել են 4 երիտասարդներ, որոնցից մեկը, մոտենալով իրեն, կրկին հայհոյանքներ է հնչեցրել պարեկների հասցեին, ապա ձեռքով հարվածել Արա Մ.-ի դեմքին:

Պարեկները մի քանի անգամ զգուշացրել են այդ քաղաքացուն, որպեսզի չշարունակի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, սակայն նա ոչ միայն չի ենթարկվել օրինական պահանջներին, այլ շարունակել է նույն գործողությունները:

parek

Պարեկները ստիպված են եղել նրան բերման ենթարկել, սակայն մյուս  3 անձինք սկսել են խոչընդոտել պարեկների օրինական գործողություններին:

Այլ ելք չունենալով, կիրառվել է հատուկ միջոց՝ ցողացրիչ և այդ երիտասարդի ձեռքին հագցրել են ձեռնաշղթա և նստեցրել ծառայողական Toyota Camry-ն, այնուհետև օգնության հասած մյուս պարեկները բոլորին բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ պարեկների օրինական պահանջին չենթարկվող, նրան նկատմամբ բռնի գործողություն գործադրողը հանդիսանում է Ստեփանավան քաղաքի բնակիչ, 25-ամյա Գևորգ Պ.-ն:

Իսկ նրա հետ եղած 3 անձինք նույնպես Ստեփանավան քաղաքի բնակիչներ, 27-ամյա Սամվել Կ.-ն է, 24-ամյա Արամ Մ.-ն է և  28-ամյա Ալբերտ Թ.-ն է:

Վերջիններս  այնուհետև բաց են թողնվել: Ոստիկանության Տարոնի  բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Լոռու մարզի դատախազություն՝ ենթակայության հարցը որոշելու:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գևորգ Պ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Կիսվել