Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Ռուսական կրակադաշտում պայթյուն է տեղի ունեցել. հայտնաբերվել է 64-ամյա տղամարդու դի
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Ռուսական կրակադաշտում պայթյուն է տեղի ունեցել. հայտնաբերվել է 64-ամյա տղամարդու դի
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 13-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Վահրամաբերդ և Հովունի գյուղերի միջնամասում գտնվող ռուսական «Կամխուտ» կրակադաշտում պայթյուն է տեղի ունեցել և, ըստ նախնական տեղեկությունների՝ կա զոհ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Ենգոյանն ու ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Մխիթարյանը:
Պարզվել է, որ ժամը 15:30-ի սահմաններում նշված վայրում՝ ուսումնական կրակադաշտում, արկի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Վահրամաբերդ գյուղի բնակիչ, 64-ամյա Դերենիկ Տեփոյանը տեղում մահացել է: Դեպքի վայր է ժամանել նաև քննչական խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Վահրամաբերդ գյուղում հովիվ էր: