Արտակարգ դեպք Վարդենիսում. Կամոյի փողոցում գայլերը հոշոտել ու վնասել են ոչխարներն ու գառները
Արտակարգ դեպք Վարդենիսում. Կամոյի փողոցում գայլերը հոշոտել ու վնասել են ոչխարներն ու գառները
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Վարդենիս քաղաքի Կամոյի փողոցի 56 տան բնակիչ, 53-ամյա Կամո Աստարյանը առավոտյան ժամը 07:00-ից 07:30-ն ընկած ժամանակահատվածում տեսել է, որ իրեն և իր եղբորը պատկանող ոչխարներից ու գառներից 15-ը վնասված են: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Կ. Ասատրյանն ասում էր.
«Առավոտյան եկա, որ ոչխարներով ու գառներով զբաղվեմ, տեսա որ երկուսի կոկորդները վնասված, սատկած են: Նայեցի ու պարզվեց՝ ևս 12-ը վնասված են, իսկ երկուսն էլ անետ կորած են:
Անասնաբույժին կանչեցի, զննեց ու ասեց, որ գայլի կամ գայլերի հարձակման հետևանքով է այս ամենը տեղի ունեցել: Գառների մեջ կան մայրացուներ, մի մասը իմն էր, մի մասը եղբորինս:
Վարկով վերցրել, պահում էինք: Մեր ընտանիքներն էլ սրա հույսին են: Աշխատանք չունենք, վարկի տակ ճռում ենք:
Դիմել ենք Վարդենիսի քաղաքապետարան, քաղաքապետի հանձնարարականով տեղակալը եկել, նայել ա, ու ասեց՝ հանձնաժողով կստեղծենք, մի բան կանենք:
Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատից էլ են եկել, արձանագրել են, անասնաբույժն էլ վիրավորներին տեսավ, ասեց, որ դրանք չեն ապրի: Մոտ 700 հազար դրամի վնաս ենք կրել: Գոնե Գեղարքունիքի մարզպետարանն ու Վարդենիսի քաղաքապետարանը մի քիչ օգնեն»:
Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիշա Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Կ. Ասատրյանը ասում էր նաև, որ տարիներ առաջ իր հարևանի ոչխարներին ու գառներին է գայլերի ոհմակը վնասել: