Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մայորը գերազանցել է արագությունը. փորձաքննություն
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մայորը գերազանցել է արագությունը. փորձաքննություն
Aravot.am-ը գրում է․ Ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը չի կալանավորվի:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ ուշ երեկոյան մերժեց Նավասարդյանին կալանավորելու վերաբերյալ Երեւան քաղաքի գլխավոր դատախազի միջնորդությունը:
Դռնփակ դատական նիստը անցկացնելուց հետո դատավորը անցավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու՝ դատավորը վերադարնալով խորհրդակցական սենյակից մերժեց կալանավորման միջնորդությունը և քննիչի որոշումը մնաց անփոփոխ:
«Ինձ համար կանխատեսելի էր դատարանի նման վարքագիծը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անմիջապես անձը չէր տարվել կալանավորման ու հետագայում դատախազության ցուցումի հիման վրա էր մեղադրանքը լրացվել:
Մեղադրանքում ներառվել էր դեպքի վայրը լքելու դրվագը: Դրա արդյունքում էր տարվել կալանքի: Իհարկե, այդ 15 օրյա ժամկետն իր ազդեցությունն ունեցել է դատարանի որոշման վրա»,- Aravot.am-ին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը:
Նրա խոսքով, տուժող կողմը ի սկզբանե պնդել է, որ փախուստի հանցակազմը հիմնավոր է. «Նույնիսկ քրեական գործերի նյութերին ծանոթանալու կարիք չկա: Ակնհայտ է, որ անձը դեպքի վայրից հեռացել է…
Ճանապարհային եւ երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքը 24-րդ հոդվածով հստակ ամրագրում է, որ բացի շտապ օգնություն կանչելուց ու օգնություն ցուցաբերելուց՝ նաեւ ծայրահեղ դեպքերում վարորդն ինքն անձամբ պետք է մեկ այլ մեքենայով վրաերթի ենթարկված անձին տեղափոխի հիվանդանոց: Այս դեպքից ավելի ծայրահեղ դեպք դժվար է պատկերացնել»:
Մեր հարցին, թե մահը վրա է հասել դեպքի վայրո՞ւմ, փաստաբանը պատասխանեց. «Նման պնդումներ այս պահին հնարավոր չէ անել, բայց հիվանդանոց տեղափոխվելու պահին, մեր ունեցած տեղեկություններով, դեռ մահացած չի եղել:
Քննության առարկա պետք է դառնա արդյոք ժամանակին տեղափոխելու դեպքում հնարավո՞ր էր կյանքը փրկել, թե՞ ոչ»: Փաստաբանը նաեւ ասաց, որ համապատասխան փորձաքննությամբ հաստատվել է, որ շարասյան ղեկավարը՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը, գերազանցել է արագությունը:
Բացի այդ նշված վայրում, ըստ փաստաբանի, ռելիեֆի խնդիր էլ կա, այդ ռելիեֆը դեպի վերեւ է բարձրանում, կորանում է: Դա նշանակում է, որ նույնիսկ 100 արագությունը նման դեպքերում թույլատրելի չէ:
Ըստ փաստաբանի, սակայն գերազանցվել է նույնիսկ 100 արագությունը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում