Մամուլ

Երևանում իրականացվել է հատուկ օպերացիա. բերման է ենթարկվել ծանր հանցագործության համար հետախուզման մեջ գտնվող անձ

Երևանում իրականացվել է հատուկ օպերացիա. բերման է ենթարկվել ծանր հանցագործության համար հետախուզման մեջ գտնվող անձ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 11-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, վարչության պետի  առաջին տեղակալ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Շենգավիթ վարչական շրջանի տարածքում իրականացրել են հատուկ օպերացիա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառման արդյունքում ոստիկանները Մանանդյան փողոցի 25ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են առանձնապես ծանր հանցագործության  համար ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզման մեջ գտնվող, Երևանի բնակիչ, 29-ամյա Վլադիմիր Ավետիսյանին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա գտնվելու վայրի մասին օպերատիվ տեղեկությունները ստացվել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և այդ մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին, ում կարգադրությամբ էլ րոպեների ընթացքում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի հսկողությամբ իրականացվել է հատուկ օպերացիա:

Թե ինչ օպերացիա է քրեական ոստիկանությունը պլանավորել Մանանդյան 25ա շենքում՝ Շենգավիթի ոստիկաններն էլ չեն իմացել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Վ. Ավետիսյանի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել և բավարարել էր Շենգավիթի քննչական բաժնի քննիչի միջնորդությունը և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Վ. Ավետիսյանը ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղափոխվել է ՀՀ արդարադատության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և այսօր նա տեղափոխվելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը վերահաստատի կամ մերժի նրա խափանման միջոց՝ քննիչի միջնորդությունը՝ երկամսյա կալանքը:

Կիսվել