Մամուլ

Ինձ համար ընդհանրապես նշանակություն չունի, թե ով է կազմակերպիչը․ Հրանտ Թոխատյան․ «Հրապարակ»

Ինձ համար ընդհանրապես նշանակություն չունի, թե ով է կազմակերպիչը․ Հրանտ Թոխատյան

Hraparak.am-ը գրում է․ Ապրիլի 5-ին ընդդիմության կազմակերպած հանրահավաքին մասնակցում էին նաեւ մտավորականներ՝ երգիչներ, դերասաններ, կոմպոզիտորներ։ Մշակութային ակտիվ գործիչներից ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն էլ էր այնտեղ։ Նրան հարցրինք՝ ի՞նչ տպավորություն ունի հանրահավաքից, եւ շարունակական կլինի՞ պայքարը։

«Ամենակարեւորն այն էր, որ բավականին քանակությամբ մարդ էր եկել, դա արդեն ուրախացրեց, որովհետեւ ես, անկեղծ, չէի սպասում, որ այդքան մարդ կլիներ, ու հուսով եմ, որ եթե կարողանան կազմակերպիչները շարունակական դարձնել, ապա մարդկանց քանակը կավելանա, եթե կարողանան այնպիսի առաջարկներ անել, որ մարդիկ հավատան, որովհետեւ հիմա անհավատությունը մի քիչ շատ է։ Այսինքն՝ ասելիք պետք է լինի»։

Մտավորականները քիչ են մասնակցում նման հավաքների, հիասթափությո՞ւն կա, թե՞ չեն ուզում սրել հարաբերություններն իշխանությունների հետ։

Ինչի՞ց վերցրիք, որ քիչ էին։

miting

Դե, շատ չէին հրապարակում։

Իսկ ինչո՞ւ է թվում, որ էն մարդը, որը ճանաչելի է, ինքը մտավորական է ու ինքն անպայման էնտեղ պետք է լինի։ Ես էլ էի էնտեղ, բայց ինձ էլ չէիք տեսել, ընդ որում՝ ընկերներիս հետ էի էնտեղ։

Կարծես հիասթափություն կար․ ասացին՝ պայքարելու ենք այնքան, մինչեւ այս իշխանությունները հեռանան, բայց Ֆրանսիայի հրապարակից հրաժեշտ տվեցին։

Պետք է սպասել։ Իսկ թե ինչ կառաջարկեն, ինչ են մտածել, ես չգիտեմ իրենց մտահղացումների մասին։ Հա, եթե էլի այդպես գանք, ման գանք, գնանք տուն, բնականաբար՝ կլինի հիասթափություն, բայց հնարավոր է՝ ինչ-որ մի բան մտածել են, ես տեղյակ չեմ։

Եթե վաղը, մյուս օրը էլի ակցիաներ լինեն, կմասնակցե՞ք։

Անպայման, մեկը մյուսի հետ կապ չունի։ Ընդ որում՝ ինձ համար ընդհանրապես նշանակություն չունի, թե ով է կազմակերպիչը։ Տվյալ դեպքում ես նկատի ունեմ ընդդիմությանը կամ, ինչպես հիմա ասում են, ընդդիմություն կոչվածին։ Դա նշանակություն չունի։ Ու էն մարդկանց արդարացումը, թե ես չեմ գնում, որովհետեւ էնտեղ հին դեմքերն են, դա ես չեմ ընդունում։ Ի՞նչ է նշանակում՝ հին դեմքերն են։

Ամսի 9-ին էլ «Սասնա ծռերը»՝ Ազգային ժողովրդավարական բեւեռն է հանրահավաք անելու, իրենց կազմակերպածին է՞լ եք մասնակցելու։

Չէ, չեմ կարծում, ես այդքան չեմ կիսում իրենց հայացքները՝ սկզբից մինչեւ հիմա։

Շատերն ասում են՝ նախկիններին չեն ուզում տեսնել, նույն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Դաշնակցությանը եւ այլն, դրա համար չեն միանում նրանց կազմակերպած պայքարին։ Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս համոզել մարդկանց, որ սա նախկինների վերադարձի պայքար չէ, այլ հանուն հայրենիքի եւ հայրենիքի փրկության պայքար է։

Այ, երբ որ այդ միտքը բոլորս հասկանանք, էդ դեպքում բոլորը վեր կկենան կգան։ Ու պետք չի անընդհատ՝ այ, հին դեմքերն են էնտեղ։ Հասկացանք, էդ հներն էսօր չկան։ Բայց էսօր հայրենիքի հարցն է դրված, մենք երկիր ենք կորցնում եւ պետականություն ենք կորցնում։ Որեւէ կապ չունի՝ ով է գալիս էնտեղ կանգնում, դա կլինի նախկին նախագահ, նախկին վարչապետ, նախկին երեսփոխան, թե եսիմ ինչ։

Կիսվել