Պարզվել է Արտաշատում ճանաչված «Գազի Հովոյի» նկատմամբ աղմկահարույց սպանության փորձ կատարողի ինքնությունը
Պարզվել է Արտաշատում ճանաչված «Գազի Հովոյի» նկատմամբ աղմկահարույց սպանության փորձ կատարողի ինքնությունը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեիկ՝ մարտի 28-ին, Արտաշատ քաղաքում հրազենի գործադրմամբ Արտաշատում հայտնի «Գազի Հովո» մականվամբ Հովհաննես Ղազարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու փաստով ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ ստեղծվել են օպերատիվ մի քանի խմբեր, որոնք աշխատել են մի քանի վարկածների ուղղությամբ:
Օպերատիվ խմբերը առանձին-առանձին ղեկավարել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, ՀՀ ոստիկանության քրեական գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Պետրոսյանը:
Հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու գործում քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խմբում ներգրավված են եղել ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի, Մասիսի, Արարատի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները՝ մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ, իսկ նշված հանցագործությունը օբյեկտիվ և լայնածավալ քննչական գործողություններ կատարելու համար Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կարգադրությամբ Արարատի մարզային քննչական վարչության պետ Վահե Միրզոյանի գլխավորությամբ ստեղծվել էր քննչական խումբ:
Ոստիկանները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բավականին ծանրակշիռ ստացված օպերատիվ տվյալներով հանցագործության վերաբերյալ որոշ հանգամանքներ են պարզել, ինչի արդյունքում Հ. Ղազարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Երևանի բնակիչ, 31-ամյա Ռ. Խ.-ն, ում ամբողջական տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակում:
Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ռ. Խ.-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: