«Արցախում այս եղանակին գազ չկա. ծայրահեղ ծանր վիճակում ենք». Մետաքսե Հակոբյան
«Արցախում այս եղանակին գազ չկա. ծայրահեղ ծանր վիճակում ենք». Մետաքսե Հակոբյան
News.am-ը գրում է․ «Արցախգազի» աշխատակիցները դիմել են ռուս խաղաղապահներին, որ նրանց միջնորդությամբ կարողանան ուսումնասիրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները, որպեսզի փորձեն գտնել գազի պայթած խողովակը, սակայն բանակցություններն արդյունք չեն տվել։
Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Նույնիսկ առաջարկ է եղել, որ ռուս խաղաղապահները փորձեն գտնել պայթած խողովակի տեղը, կրկին թույլ չեն տվել»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Ավելի վաղ «Արցախգազ» ԲՓԸ–ը տեղեկացրել էր, որ մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։ Նշվել էր, որ գիշերը ժամը ՝ 01:00-ի սահմաններում, Շուշի- Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը:
Հակոբյանի համոզմամբ՝ ադրբեջանցիները դիտավորությամբ են պայթեցրել գազատար խողովակը. «Պատկերացրեք, որ այս եղանակին գազ չկա. ծայրահեղ ծանր վիճակում ենք։ Այն դպրոցները, որոնք գազով են ջեռուցվում, շատ ցուրտ էր, բայց դասապրոցեսը շարունակվել է»։