Շնչառական վարակներով հիվանդների 94 տոկոսը երեխաներ են
Շնչառական վարակներով հիվանդների 94 տոկոսը երեխաներ են
Armtimes.com-ը գրում է․ Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների շրջանը դեռևս շարունակվում է, թիրախն էլ հիմնականում երեխաներն են:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության բաժնի բժիշկ, համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանեց՝ այս պահի դրությամբ ՍՎՇ-ի դեմ ստացիոնար բուժում է ստանում 400 հիվանդ, որից 378-ը՝ 0-18 տարեկան երեխաներն են: Այսինքն՝ երեխաները կազմում են հիվանդացածների 94,5 տոկոսը:
«Համաճարակային շեմից հիվանդացությունը 2.2 անգամ բարձր է: Պոլիկլինիկա կազմակերպություններ դիմելիությունը նույնպես աճել է: Վերակենդանացման բաժանմունքում այս պահին ընդհանուր առմամբ բուժում է ստանում 21 երեխա, որից 16-ը՝ 0-14 տարեկան, 10-ը՝ 0-4 տարեկան»,- ասաց Խաչատրյանը:
Սուր շնչառական հիվանդությամբ պայմանավորված՝ աճել են նաև շտապօգնության կանչերը, իսկ պոլիկլինիկա կազմակերպություններ դիմելիությունն աճել է 3 անգամ, ինչը նախորդ տարվա համեմատ բարձր է 1.5 անգամ: Մասնագետն ընդգծեց՝ ՍՎՇ հիվանդությունների աճին նպաստում է նաև կորոնավիրուսը, քանի որ այն նույնպես համարվում է սուր շնչառական վարակ:
Հիվանդացածների շարքում մեծ թիվ են կազմում երեխաները, քանի որ նրանք հաճախ գտնվում են փակ տարածքներում, օրինակ՝ դպրոցներում:
«Սեզոնը հիվանդությունների սկսվում է հոկտեմբեր ամսից և վերջանում հաջորդ տարվա մայիս ամսին: Պոլիկլինիկա դիմածների 67 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները, ընդ որում, հոսպիտալացվածների 94,5 տոկոսն էլ են 0-18 տարեկանները: Սա կապված է երեխաների ակտիվ շփման հետ, դպրոց հաճախելու և փակ տարածություններում ավելի սերտ շփվելու հետ, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում վարակի տարածման համար»,- նշեց Խաչատրյանը:
Համեմատել սուր շնչառական վարակների տարածումն ու աճը 2021 թվականի հետ, Եվգենյա Խաչատրյանի խոսքով, այդքան էլ ճիշտ չէ, քանի որ այդ ժամանակ գործող լոքդաունների պատճառով մարդիկ երբեմն բժշկական հաստատություններ չեն դիմել: Հիմա էլ, սակայն, հիվանդանալու պարագայում մասնագետին դիմելը մեր հասարակության մեջ արմատացած չէ:
Համաճարակաբանն ընդգծեց՝ հատկապես երեխաների դեպքում երկու օր հետո, եթե նրանց վիճակը չի կայունանում, ապա պետք է շտապ դիմել համապատասխան մասնագետի:
ՍՎՇ բնորոշ ախտանշանները շատ են և տարբեր՝ քթահոսությունից մինչև հազ, կոկորդի ցավ, ջերմություն, ընդհանուր մարմնի ցավ: Հիվանդության խորանալու դեպքում՝ բրոնխների ախտահարում, թոքաբորբ:
Համաճարակաբանական իրավիճակով պայմանավորված՝ օրերս մամուլում շրջանառվում էր իբրև թե ԿԳՄՍ նախարարի հաստատած հրաման, որի համաձայն՝ փետրվարի 7-ից բոլոր դասերն ընթանալու են հեռավար: Նախարարությունն արձագանքել էր շրջանառվող այդ լուրերին՝ ընդգծելով՝ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ անդրադառնալով տարածվող կեղծիքին՝ նշել էր՝ գործում է իրավիճակային մոտեցում՝ ըստ ուսումնական հաստատությունում դեպքերի թվի:
Արդյոք առողջապահության նախարարությունը պատրաստվո՞ւմ է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն՝ դասերն իրականացնելու հեռավար ուսուցմամբ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ասաց. «Այս պահին այն դպրոցում և դասարանում, որտեղ հիվանդացությունը հատել է 10 տոկոսի շեմը, անցնում են հեռավարի։ Ընդհանուր հեռավարի անցնելու առաջարկ այս պահին չկա։ Առողջապահության նախարարությունը կարձագանքի՝ ըստ իրավիճակի»,- ասաց Խաչատրյանը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ այս պահին քանի՞ դպրոց է դասերն իրականացնում հեռավար ուսուցմամբ:
ԿԳՄՍ նախարարությունից մեզ փոխանցեցին՝ այս պահին ամբողջությամբ հեռավար կրթության է անցել Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցը, Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցը, ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցը: ՀՊՄՀ թիվ 57 հիմնական դպրոցն էլ մասնակի է անցել հեռավարի:
Քովիդի ցուցանիշը դպրոցներում պետք է 10 տոկոսից բարձր լինի, որպեսզի դպրոցն ամբողջությամբ անցնի հեռավար ուսուցման: Սակայն կան դպրոցներ, որտեղ եթե աշակերտների կամ անձնակազմի թիվը մեծ է, կարիք չկա սպասելու 10 տոկոսին: Այդ դեպքում դպրոցը, հակահամաճարակային իրավիճակից ելնելով, անցնում է հեռավարի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում