Իրականացվել է հատուկ օպերացիա. հայտնաբերվել է «Կոնդեցի կռիսի տղան», ով ռադիոկապով գաղտնի տեղեկանում էր Երևանում իրավապահների շարժին
Իրականացվել է հատուկ օպերացիա. հայտնաբերվել է «Կոնդեցի կռիսի տղան», ով ռադիոկապով գաղտնի տեղեկանում էր Երևանում իրավապահների շարժին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ հունվարի 22–ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, մայրաքաղաքում իրականացրել են «Կռիսը թակարդում» օպերացիա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկային ծառայությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Գևորգ Գ.-ն իր ավտոմեքենայում պահում է չթույլատրելի հատուկ ռադիոկապ (ռացիա), որով նա տեղեկանում է մայրաքաղաքում օպերատիվ ծառայությունների շարժին:
Պարեկները Պռոշյան փողոցում հայտնաբերել են վերջինիս ու բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին:
Պարզվել է, որ պարեկային ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկատվությունը հավաստի էր. նրա ավտոմեքենայում հայտնաբերվել է «ռացիան» և այլ իրեր:
Ավտոմեքենան 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Ռազմիկ Լալայանի և Արթուր Մարկոսյանի ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ամենավերին էշելոններից փորձել են պարեկների վրա ազդել, որպեսզի Գևորգ Գ.-ին, ով ընկերական շրջապատում հայտնի է «Կոնդեցի կռիսի տղա» մականվամբ, բերման չենթարկեն: