Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. Մեծամորում՝ տան բակում, փոսի մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. Մեծամորում՝ տան բակում, փոսի մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 18։40-ի սահմաններում ոստիկանության Մեծամորի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և խնդրել, որպեսզի փրկարարները մոտենան Մեծամոր քաղաքի 1-ին փողոցի թիվ 27 տուն, քանի որ բակում՝ փոսի մեջ, դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ճոպանի միջոցով փոսից դուրս են բերել նույն տան բնակիչ՝ 58-ամյա Վաղինակ Ծ-ի դին։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Սամվել Խմելյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կիրակոսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Մկրտչյանը։
Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել է արմունկների և ծնկների շրջանում քերծվածքներ, իսկ գլխի ճակատային, հոնքային, քունքային և քթի հատվածներում՝ սալջարդ վերքեր։
Փաստի առթիվ մարզային քննչական վարչության պետ Ս. Տոնոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ է փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։