Մամուլ

Արտակարգ դեպք Արարատի մարզում. «բուտուլիզմ» ախտորոշմամբ տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ

Արտակարգ դեպք Արարատի մարզում. «բուտուլիզմ» ախտորոշմամբ տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 21:00-ի սահմաններում «Մասիս»  բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել,  որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝  Նոր Խարբերդի բնակիչներ, 32-ամյա Անահիտ Հ.-ն, 12-ամյա Հասմիկ Ն.-ն, 27-ամյա Մամիկոն Հ.-ն, ովքեր հայտնել են, որ երեկ տանը կերել են մարինացված վարունգ:

հիվանդանոց

Մինչ ոստիկաննեը դեպքի հանգամանքներն էին պարզում, Մասիսի ոստիկանություն ժամը 23:00-ին «Արմենիա» բժշկակակ կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «բուտուլիզմ»  ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի:

Մասիսի ոստիկանները պարզել են, որ նա նույն գյուղի բնակիչ, 71-ամյա Յուրիկ Ն.-ն է, ով նույնպես մարինացված վարունգ է  կերել: Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Շմավոնյանը, մեկնելով Նոր Խարբերդ, պարզել է, որ նույն գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում, որը պատկանում է Անահիտ Հ.-ին, կերել են տան պայմաններում մարինացված վարունգ, ինչի հետևանքով էլ նրանց ինքնազգացողությունը վատացել է և տեղափոխվել են նախ «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից Հասմիկ Ն.-ն այնուհետև տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Կիսվել