Գյումրու ծննդատանը երեխա է մահացել. հայրը այրել է ծննդատան նախասրահը
Գյումրու ծննդատանը երեխա է մահացել. հայրը այրել է ծննդատան նախասրահը
Գյումրիի ծննդատանը երեխա է մահացել. ըստ նախաքննական մարմնի՝ Արմեն Մարդոյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, 2021 թվականի մարտի 6-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, միայնակ գնացել է Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցի 3 հասցեում գտնվող «Գյումրու Ծննդատուն» ՓԲ ընկերություն և իր հանգուցյալ երեխայի թթվածնային ակվարիումը համբուրելու պատրվակով ներս մտնելով հիշյալ ընկերության վարչական շենքի ընդունարան՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության՝ այնտեղ գտնվող քաղաքացիների ու բուժաշխատողների նկատմամբ, սեփական անձի առավելությունն ընդգծելու, ինչպես նաև հասարակության կողմից համընդհանուր ճանաչում ստացած բարոյականության նորմերին հակադրվելու մոլուցքով մղված, շուրջ 30 րոպե տևողությամբ տվել է անհասցե և իր հանգուցյալ դստեր ծնունդն ընդունած բժշկի հասցեին ուղղված սեռական բնույթի հայհոյանքներ՝ սպառնացել կրկին վերադառնալ ու նռնակով, բենզինով այրել «Գյումրու Ծննդատուն» ՓԲԸ-ի վարչական շենքը:
Արմեն Մարդոյանի խուլիգանական գործողությունների արդյունքում շուրջ 30 րոպե տևողությամբ խանգարվել է «Գյումրու Ծննդատուն» ՓԲ ընկերության բնականոն աշխատանքները, որից հետո վերջինը բուժաշխատողների միջամտության արդյունքում հեռացել է «Գյումրու Ծննդատուն» ՓԲ ընկերության վարչական շենքից:
Այսպիսով, Արմեն Տիգրանի Մարդոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար:
Վերոգրյալից բացի՝ Արմեն Տիգրանի Մարդոյանը, «Գյումրու Ծննդատուն» ՓԲ ընկերությանը պատկանող զգալի չափերի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ, 2021 թվականի մարտի 6-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, միայնակ գնացել է Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցի 3 հասցեում գտնվող «Գյումրու Ծննդատուն» ՓԲ ընկերություն, կրկին իր հանգուցյալ երեխայի թթվածնային ակվարիումը համբուրելու պատրվակն օգտագործելով ներս է մտել հիշյալ ընկերության վարչական շենքի ընդունարան՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության ու բուժաշխատողների նկատմամբ, սեփական անձի առավելությունն ընդգծելու, ինչպես նաև հասարակության կողմից համընդհանուր ճանաչում ստացած բարոյականության նորմերին հակադրվելու մոլուցքով մղված, շուրջ 20 րոպե տևողությամբ անհասցե և իր հանգուցյալ դստեր ծնունդն ընդունած բժշկի հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, իր մոտ եղած պլաստմասե տարայով, դյուրավառ հեղուկ հանդիսացող բենզինը լցրել է ծննդատան նախասրահին հարող միջանցքի սալիկապատ հատակին և լուցկիով այրել է, ինչի արդյունքում առաջացած հրդեհից և ծխից վնասվել են սալիկապատ հատակը, դրան հարակից պատի և առաստաղի հատվածները՝ ընկերությանը պատճառելով զգալի չափի՝ 221.100 ՀՀ դրամի վնաս, ապա Տ. Մարդոյանը շարունակելով իր խուլիգանական արարքը, ոտքով հարվածել է ընդունարանում դրված գրասեղանին, վնասել այն՝ պատճառելով ևս 10.000 ՀՀ դրամի վնաս:
Արմեն Տիգրանի Մարդոյանի խուլիգանական գործողությունների արդյունքում շուրջ 20 րոպե տևողությամբ խանգարվել է «Գյումրու Ծննդատուն» ՓԲ ընկերության բնականոն աշխատանքները և ընկերությանը պատճառվել ընդհանուր զգալի չափերի 231.100 ՀՀ դրամի գույքային վնաս:
Այսպիսով, Արմեն Տիգրանի Մարդոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար: