Քաղաքապետարանը՝ մանկապարտեզների վճարների փոփոխության մասին
Քաղաքապետարանը՝ մանկապարտեզների վճարների փոփոխության մասին
Sputnik Արմենիան գրում է․ Երևանի քաղաքապետարանն առաջարկում է մանկապարտեզներ հաճախող մեկ երեխայի հաշվով ամսական 25 հազար 700 դրամը սահմանել 28 հազար դրամ։
Թե ինչ փոփոխություններ կլինեն առաջիկայում Երևանում սահմանվող տեղական վճարների տեսակների և դրույքաչափերի մեջ, Sputnik Արմենիան պարզել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանից։
Պարզվում է` քաղաքապետարանն անփոփոխ կթողնի տեղական վճարների 2021 թվականի դրույքաչափերը՝ բացառությամբ Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայության վճարների։Կուբատյանը պարզաբանում է, որ փոփոխությունն առաջարկվել է, որպեսզի երեխաների սննդի որակը չտուժի, քանզի պարենային ապրանքները թանկացել են և հավելում, որ դա ծնողների ֆինանսական վիճակի վրա չի ազդի։
«Քանի որ ծնողները Երևանի մանկապարտեզների համար գումար չեն վճարում, նրանց վրա որևէ կերպ թանկացումը չի անդրադառնա։ Այդ ամբողջ բեռը մնում է քաղաքապետարանի և համայնքի վրա։
Առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացմամբ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններն իրականացնել, որպեսզի երեխաներին տրվող սննդի որակն ու տարատեսակները չտուժեն»,-ասաց Կուբատյանը։
Նրա խոսքով՝ որպեսզի երեխաներն անվճար կարողանան Երևանի մանկապարտեզներ հաճախել, համայնքը տարեկան շուրջ 10 մլրդ դրամ է ծախսում։