Մամուլ

Գերեվարված եղբորը բերելու համար դիմել է Մուրադովին. «Հրապարակ»

Գերեվարված եղբորը բերելու համար դիմել է Մուրադովին

«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարազատները, կարելի է ասել, արդեն հույսները կտրել են Հայաստանի իշխանությունից և Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ կապ հաստատելու ուղիներ են փնտրում, որպեսզի նրա օգնությամբ կարողանան հետ բերել իրենց հարազատներին։

Մասնավորապես, մեր ձեռքի տակ է հայտնվել պետական ծառայողներից մեկի նամակը` ուղղված Հայաստանում Մուրադովի մերձավոր համարվող անձին՝ Բորիս Ավագյանին, որում քաղաքացին խնդրում է օգնել իրենց և իր հարազատին վերադարձնելու համար աջակցել, որ դիմի Ռուստամ Մուրադովին, և դրա համար պատրաստ է ամեն ինչ անել։ 

Քաղաքացին ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկով տեսել է մի տեսանյութ, որում ճանաչել է իր եղբորը ու վստահ է, որ նա գերեվարված է, սակայն պետական ոչ մի մարմնից չի կարողացել հստակ իմանալ՝ եղբայրը գերի՞ է, թե՞ ոչ։

rustam muradov

Նշենք, որ մինչ այժմ իշխանությունները չեն հրապարակել, թե այս պահին քանի գերեվարված անձ կա Ադրբեջանում: Թիվը չեն հրապարակում՝ ասելով, որ դա կխոչընդոտի նրանց վերադարձին, սակայն մինչ այժմ վերադարձած գերիների մեծ մասին վերադարձրել են ռուս խաղաղապահները և անձամբ Մուրադովը:

Կամ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ են վերադարձվել, սակայն անգամ այդ միջնորդության պարագայում 15 հոգու դիմաց Նիկոլ Փաշինյանն ականապատ տարածքների քարտեզներն է հանձնել Ադրբեջանին։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններով Ադրբեջանը պետք է վերադարձներ բոլոր հայ ռազմագերիներին, սակայն նրանց մի մասի վերաբերյալ ապօրինի դատավճիռներ են կայացվել, և նրանք դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման։ Փաստորեն, նույնիսկ պետական ծառայողներն են հույսը կտրել իշխանություններից, էլ ուր մնաց, որ Շիրակի մարզի հասարակ գյուղացին ակնկալիք ունենա»։

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Կիսվել