Վանո Սիրադեղյանը ցանկանում էր գալ Հայաստան․ ինչ է պատմում Խաչատուր Սուքիասյանը
Վանո Սիրադեղյանը ցանկանում էր գալ Հայաստան․ ինչ է պատմում Խաչատուր Սուքիասյանը
24news.am-ը գրում է․ Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը ցանկանում էր գալ Հայաստան, սակայն օրենքի պահանջ կար, որ նա 72 ժամ պետք է ձերբակալվեր, ինչն էլ իր համար ընդունելի չէր, 24news.am-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ նշելով, որ փաստաբանները զբաղվում էին օրենքի հնարավոր փոփոխությամբ, սակայն վրա հասած համավարակն ու պատերազմը խանգարել են այն իրականացնել։
«Վանո Սիրադեղյանի որոշումն է եղել (չվերադառնալը-խմբ.)։ Օրենքը թույլ չէր տալիս, որ ուղղակի Վանո Սիրադեղյանը գար, օրենքն ասում էր, որ Վանո Սիրադեղյանը 72 ժամ պետք է ձերբակալվեր։ Կարծում եմ, որ այդ տարբերակն այնքան էլ ընդունելի չի եղել Սիրադեղյանի համար», – նշել է նա։
Ըստ Սուքիասյանի, իշխանության հետ կապված խնդիր չկար, կար խնդիր՝ դատական համակարգի հետ։
«Ափսոսում եմ։ Վանո Սիրադեղյանը շատ խորը մտքի տեր, շատ տաղանդավոր, շատ խորը պատկերացումներով մարդ էր։ Այսօր շատ արդիական են իր ասածները», – ասել է Սուքիասյանը։
Նա նաև նշել է, թե տեղյակ չէ՝ արդյոք իշխանությունները քննարկո՞ւմ են Սիրադեղյանին Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորելու հարցը, ինչպես պահանջել էր Հայ ազգային կոնգրեսը։
«Ինչքան գիտեմ, նրա տեղափոխման հետ կապված իրավական խնդիրներ կան», – ասել է Սուքիասյանն ու հավելել, որ վերջին տարիներին կարողացել է շփվել Սիրադեղյանի հետ։
«Շփումներ եղել են, այո՛, և իր սթափ ու հասուն մտածելակերպը ինձ միշտ զարմացրել է։ Վանո Սիրադեղյանն, իրոք, շատ տաղանդավոր մարդ էր»։
Սուքիասյանի խոսքով՝ Սիրադեղյանը «վիրավորված չէր, և հենց այդտեղ է իր զարմանքը»։
«Նա ոչ մեկին չէր մեղադրում», – նշել է Սուքիասյանը։
«Վանո Սիրադեղյանը, եթե վերադառնար, իշխանությանը ոչ միայն մրցակից չէր լինի, այլ նաև շատ պիտանի կլիներ իր խորհուրդներով և ոչ միայն իշխանությանը, այլև շատ շատերին», – խոսքը եզրափակել է ՔՊ խմբակցության պատգամավորը։
Մանրամասները՝ 24news.am-ի տեսանյութում