Մամուլ

«Ուղղակի ապշում ես զինվորների պատմածից». Տիգրան Արզաքանցյան

«Ուղղակի ապշում ես զինվորների պատմածից». Տիգրան Արզաքանցյան

Գործարար, «Ալյանս» կուսակցության անդամ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ես հաճախակի եմ այցելում մեր սահմաններ, զրուցում զինվորների հետ: Ուղղակի ապշում ես, երբ նրանք պատմում են, թե ինչպես ադրբեջանցիները կարող են անարգել մտնել մեր տարածքները, փորձել այն զավթել եւ նույնիսկ լկտիաբար գերի վերցնել մեր զինվորներին:

Այդ հարցերը պահանջում են անհապաղ լուծում: Մենք պետք է առաջին հերթին վերականգնենք մեր սահմանների անվտանգությունը, ինչը պահանջում է զգալի ներդրումներ:

Իսկ ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է, որ զարգանա եւ հզորանա մեր տնտեսությունը: Դա շատ կարեւոր հարց է, առանց սահմանների անվտանգության ապահովման չի կարող գոյատեւել որեւէ պետություն:

Այսօր Հայաստանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը եւ միջազգային բոլոր հարթակներում դիվանագիտական պայքար ծավալի` բարեկամ պետությունների կողմից Արցախի ճանաչման համար:

sahman dirq 1

Պետք է վերագործակցենք Մինսկի խմբի եռանախագահության աշխատանքները` հասնելով հակամարտության կարգավորման նոր մակարդակի: Անցած 44-օրյա պատերազմը ընթացավ միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտմամբ, երեկ տեղի ունեցածը կատարվեց խաղաղապահների ներկայությամբ։

Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք պետք է միջազգային բոլոր հարթակներում գործենք Արցախի տարածքների դեօկուպացիայի եւ Ադրբեջանին միջազգային հանցագործ ճանաչելու ուղղությամբ:

Մենք գտնում ենք, որ անընդունելի է զբաղվել սահմանների ապաշրջափակման խնդրի լուծումով, երբ հարեւան պետությունները` Ադրբեջանը եւ Թուրքիան թշնամաբար են վերաբերվում մեզ:

Ինչպե՞ս կարելի է ապաշրջափակել ճանապարհները եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատել այն երկրի հետ, որը ներխուժել է մեր ինքնիշխան երկրի տարածք` զավթելով այն, եւ չի ուզում դուրս գալ:

Միայն այն ժամանակ կզբաղվենք ապաշրջափակումով, երբ հարգեն մեր պետությունը եւ մեր իշխանությանը: Իսկ այս ամենին պետք է հասնենք որքան հնարավոր է արագ։

Կիսվել էջում