Մամուլ

Հենակետում եղել է վեց զինծառայող և բոլորն էլ վիրավորվել են

Հենակետում եղել է վեց զինծառայող և բոլորն էլ վիրավորվել են

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչպես քիչ առաջ Պաշտպանության բանակը տեղեկացրել է, հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:

Հորդորում եմ բոլորին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և «սկանդալային» տեղեկությունների աղբյուր դառնալու գայթակղությունից. բացի նշված վեց վիրավորից, որևէ այլ վիրավոր կամ զոհ չկա:

Տվյալ հենակետում այդ պահին եղել է վեց զինծառայող, և բոլորն էլ վիրավորվել են: Իսկ երեք հոգի հենակետից դուրս էին գտնվում, և ոչ մի վնասվածք չեն ստացել:

Առողջապահության նախարարի հետ միասին ես այցելել եմ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ ու հանրապետական բժշկական կենտրոն, հետևել բուժսպասարկման աշխատանքներին. այժմ էլ գտնվում եմ այնտեղ:

Որոշակի հետազոտություններից հետո բժիշկները հավաստիացնում են, որ երկուսի վիճակը գնահատվում է ծանր, և, բարեբախտաբար, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

sahman dirq 2

ՊԲ-ից տեղեկացրել են, որ շփման գծի որոշ կետերում արձանագրվել են հրաձգության դեպքեր, սակայն որևէ այլ հետևանք չի եղել: Այժմ իրավիճակը կայունացել է շփման գծի ողջ երկայնքով:

ԱՀ քաղաքական ու ռազմական ղեկավարությունը արտակարգ ռեժիմով քայլեր են ձեռնարկում իրավիճակի կայունացման ուղղությամբ՝ անհրաժեշտ որոշումներ կայացնելով ու հաղորդակցություն վարելով համապատասխան կողմերի հետ:

Խնդրում եմ մեր հայրենակիցներին ցուցաբերել հանգստություն, չտրվել կեղծ տեղեկությունների ու բամբասանքների: Պատկան մարմինները օպերատիվ ու կանոնավոր կերպով տեղեկություններ են ներկայացնելու իրավիճակի հետագա ընթացքի վերաբերյալ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության երկրորդ հաղորդագրությունը այս առթիվ՝«Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարակա­ն իրադրությունը այս պահին հանգիստ է:

Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի: ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը»»:

Կիսվել