Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը: Այս մասին հայտնեց նրա պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:
Ըստ պաշտպանի՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունում երկու հիմք է ներկայացվել՝ քննությանը խոչընդոտելն ու նախաքննությունից թաքնվելը: Փաստաբանը, դեռեւս ծանոթ չլինելով դատարանի որոշմանը, չկարողացավ հստակեցնել, թե դատարանը հիմքերից կոնկրետ որն է բավարարել:
«Գործը պետական ու ծառայողական գաղտնիքների է վերաբերում, քրեական գործում առկա են բազմաթիվ տեղեկություններ, որոնք արդեն իսկ հերքում են առաջադրված մեղադրանքը»,- նշեց պաշտպանը:
Հովհաննիսյանը հայտնեց, որ Տոնոյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել՝ պնդելով, որ ընդհանրապես կապ չունի այն ամենի հետ, ինչ իրեն մեղսագրվում է, եւ հայտարարություններ է արել դատարանում՝ տալով համապատասխան բացատրություններ:
Փաստաբանը հայտնել է, որ Վերաքննիչ քրեական դատարան բողոք կներկայացնեն կալանավորման որոշման դեմ:
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և Հայաստանին զենք մատակարարող «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը մեղադրվում են պետությունից շուրջ 2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ ու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։