Աշխարհ

Արցախում զինվոր է մահացել, ով ՌԴ-ից էր եկել՝ հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարելու

Արցախում հունվարի 27-ին մահացած 19-ամյա զինծառայող Հովսեփ Գրիգորյանը Սպիտակ քաղաքի բնակիչ էր: Նա բանակ էր զորակոչվել 2017 թվականի հուլիսին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սպիտակի զինկոմ Աղասի Խաչատրյանը նշեց, որ Հովսեփ Գրիգորյանը ծնվել է Վրաստանում, ապրել ՌԴ-ում՝ մոր եւ քրոջ հետ:

 Մեր հարցին ի պատասխան զինկոմն ասաց, որ զինծառայողի հայրը անհայտ բացակայող է, նրա մասին տեղեկություններ հայտնի չեն, իսկ  մայրը աշխատում է ՌԴ-ում: Հովսեփ Գրիգորյանը ՌԴ-ից Հայաստան էր եկել հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարելու համար: «Ապրում էին տատիկի եւ պապիկի տանը՝ սոցիալապես անապահով պայմաններում»,- ասաց Սպիտակի զինկոմը:

Հիշեցնենք, որ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել զենքի կանոնների խախտման հետեւանքով: Նա մահացու վիրավորումն ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամկետային զինծառայողը ձերբակալվել է:

Նյութի աղբյուր՝ armtimes.com

Կիսվել