Տրակտորը վթարի է ենթարկվել. հայր ու որդի տեղում մահացել են
Տրակտորը վթարի է ենթարկվել. հայր ու որդի տեղում մահացել են
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր, օգոստոսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շնող գյուղի հանդամաս տանող ճանապարհահատվածում «Բելառուս» մակնիշի տրակտորը մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է հանդամասում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, 1-ին դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու փրկարարները տրակտորից դուրս հայտնաբերել են 2 դի։
Դեպքի վասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Դ․ Խաչատրյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել Շնող գյուղի վարչական տարածքի Քբախնուտ կոչվող տարածքի հանդամիջյան ճանապարհին։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդի են։