Մամուլ

«Մամ, եթե չգամ, չլացես». պատերազմում զոհված Աբրահամ Մարուխյանն այսօր կդառնար 26 տարեկան

«Մամ, եթե չգամ, չլացես». պատերազմում զոհված Աբրահամ Մարուխյանն այսօր կդառնար 26 տարեկան

Sputnik Արմենիան գրում է․ Լեյտենանտ, հրետանու հետախուզության պետ Աբրահամ Մարուխյանը խենթի պես էր սիրում հայրենիքը։ Պատերազմի լուրը լսելուն պես իրերը հավաքեց ու վազեց, անգամ կոշիկի կապերը դրսում կապեց, ծնողներին էլ կարգին հրաժեշտ չտվեց, գրկեց ու գնաց… անվերադարձ։

Հայ ընտանիքներում սովորաբար մեծ շուքով են նշում միակ որդու ծնունդը, բայց այսօր այդ դեպքը չէ։ 44-օրյա պատերազմում զոհված Աբրահամ Մարուխյանի ընտանիքը, հարազատներն ու ընկերները Աբրահամի 26-ամյակը ստիպված են նշել Եռաբլուրում։

Sputnik Արմենիայի նկարահանող խմբով Աբրահամի տանն ենք։ Հայրը, ողջ կյանքում աշխատելով, եռահարկ առանձնատուն էր սարքել որդու համար, որ իրենից լավ ապրի, որ այդ տան մեջ այս տարի իր ընտանիքը կազմի։ Ցավոք, ամեն ինչ կիսատ մնաց։

Հիմա տունը թանգարան է հիշեցնում, որի ամեն անկյունում Աբրահամի իրերն են, նրա լուսանկարներն ու դրանց միջից երևացող նրա պայծառ ժպիտը։

3-րդ հարկում Աբրահամի փոքրիկ սենյակն է, մահճակալի գլխին` եռագույնով ծածկված Արարատ լեռան կտավը, անկյունում Աբոյի կարդացած գրքերն են ու 3 աթոռ, որոնց վրա կոկիկ կախված են նրա զինվորական համազգեստները, իսկ դրանց կողքին` տղայի բջջային հեռախոսն ու դրամապանակը։

«Աբրահամի զոհվելուց հետո առաջին անգամ եմ այս սենյակ մտնում։ Շորերը պահել ենք, որ հետ գա, հագնի, սպասում ենք դեռ, որ մի օր հետ կգա»,–ասում է մայրը։

abraham marukhyan

Ծնողներն իրենց միակ որդուն լավ կրթություն էին տվել։ Չայկովսկու անվան դպրոցի վոկալի բաժինն էր ավարտել, հետո դիվանագետի կրթություն էր ստացել, բայց որոշել էր, որ պետք է ընդունվի նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, նա Վովա Վարդանովի «Ողջ մնալու արվեստը» խմբի առաջի սաներից էր։ Ռազմական ինստիտուտից հետո 2 տարով պայմանագրային ծառայության էր անցել Մատաղիսում։

Պայմանագիրը լրացել էր 2020 թվականի սեպտեմբերի 5-ին։ Աբրահամը օրենքի ուժով իրավունք ուներ պատերազմ չգնալու, բայց խենթի պես էր սիրում հայրենիքը, ծնողների խոսքով` անգիր գիտեր թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ամեն մետրը, ու ամենակարևորը` լավ գիտեր թուրքին ու նրա մտադրությունները։

«4 տարվա բացակայությունից հետո ընդամենը 3 շաբաթ մնաց իր տանը, այն էլ ողջ օրը ընկերների հետ էր անցկացնում։ Սեպտեմբերի 27-ի լուսադեմին շնչակտուր ներս մտավ ու ասեց՝ պապ, մամ, կռիվ ա սկսվել»,– պատմում է հայրը` Տիգրանը, և սենյակում երկար լռություն է տիրում։

abraham mayr

Տիկին Մարիամը, արցունքները զսպելով, հիշում է` Աբրահամը կանխազգում էր, որ միգուցե հետ չգա։

«Ասեց` մամ, կռիվ ա, չգիտենք` ինչ կլինի, թշնամին շատ երկար էր պատրաստվում, զորավարժություն անում, եթե չգամ, դու մենակ չլացես, ուրեմն իմ ճակատագիրն էր։ Իրերը հավաքեց ու վազեց, անգամ կոշիկի կապերը դրսում կապեց , մեզ էլ մի կարգին հրաժեշտ չտվեց, գրկեց ու գնաց։ Չհասցրինք ներկայությունը վայելել»,–ասում է մայրը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել