Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվեց
Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվեց
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, օրեր առաջ՝ հուլիսի 8-ին, կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել է Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի երկրորդ մասով (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը): Տեղեկությունը ՀԺ-ին փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
Ըստ Քննչական կոմիտեի՝ Գոռ Համբարձումյանը փոխկապակցված է շղթայական և կազմակերպված մարմնավաճառության գործի հետ: Վերջինս ոչ թե անմիջական կապ է ունեցել կանանց պոռնկության գործում ներգրավվելու գործընթացի մեջ, այլ նույն գործում խնդիրներ առաջանալու դեպքում դրանք լուծել է, ինչի դիմաց ստացել է գումար մարմնավաճառների ստացված հոնորարներից:
Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև երեք այլ անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին մասով (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը): Նրանք նույնպես կալանավորվել են:
Հիշեցնենք, որ Գոռ Համբարձումյանը մեղադրվում է նաև մեկ այլ քրեական գործով: Նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգությունների և խուլիգանության հոդվածով։ Համբարձումյանը 2018 թվականի հեղափոխության օրերին Կորյուն-Հերացի խաչմերուկում փողոց փակած քաղաքացիներին հայհոյել էր, ինչպես նաև փորձել բռնի ուժով դուրս հանել փողոցից՝ հարվածներ հասցնելով նրանց: