Մամուլ

«43-ամյա տղամարդուն օրերի կյանք է մնացել, իսկ «Յունիբանկ»-ը պահանջուն է վարկն ու տոկոսները». Կարեն Հեքիմյան

«43-ամյա տղամարդուն օրերի կյանք է մնացել, իսկ «Յունիբանկ»-ը պահանջուն է վարկն ու տոկոսները». Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղցկեղով հիվանդ, կյանքի վերջին օրերը բոլորող 43-ամյա մի տղամարդ վարկ ունի UNIBANK ARMENIA-ում:

Վերջինիս բարեկամը մեծ դժվարությամբ նրան բանկ է հասցնում: Հիվանդությունից հյուծված տղամարդն այնքան անճանաչելի է դարձել (քաշը շուրջ 85կգ-ից իջել է 38կգ), որ բանկի աշխատակիցներն անգամ չեն կարողանում նույնականացնել նրան: Տղամարդը բանկից ունեցած պարտավորության մասով որոշակի զիջումներ է խնդրում:

Բանկից էլ տղամարդուն փոխանցում են, որ առավելագույն զիջումը կարող լինել այն, որ մի երկու-երեք ամիս նա վճարի միայն վարկի տոկոսները:

Մտա բանկի էջ: Պարզեցի, որ այն «դինամիկ զարգացող ինովացիոն բանկ է» և, որն «իր առաքելությունն է համարում նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանը, իր հաճախորդների ֆինանսական վիճակի բարելավմանը, ընդառաջ գնալ հաճախորդների պահանջմունքներին…………»:

heqimyan karen

Մի խոսքով, տղամարդուն շատ քիչ է մնացել ապրել (օրերի հարց է): Իրենից հետո մնալու են կինն ու երկու անչափահաս երեխա: Նրանք չեն կարողանալու վարկի գումարը վճարել:

Վերջիններիս գրավ հանդիսացող բնակարանը բանկը կվաճառի: Վաճառքից ավելացած գումարն էլ միգուցե վերադարձնի: Ամենայն հավանականությամբ, հենց սա է կոչվում «դինամիկ զարգացող ինովացիա» և հենց այսպես է բանկն «ընդառաջ գնում իր հաճախորդների պահանջմունքին, նպաստելով վերջիններիս ֆինանանսական վիճակի բարելավմանը»: Դե իսկ «ՀՀ տնտեսության զարգացման նպաստելու մեջ» բանկի դերն, ինչպես տեսնում եք, անգնահատելի է:

ՀԳ. Շատ անգամ հրապարակավ ասել եմ, որ հայաստանյան բանկերի բացարձակ մեծամասնությունը հայաստանյան լրատվամիջոցների բացարձակ մեծամասնության գովազդատուներն են: Հետևաբար, լրատվամիջոցների բացարձակ մեծամասնությունը չի անդրադառնում բանկերի գործունեությանը: Սա փաստացի կոռուպցիա է: Հենց դրանից է, որ ունենք այն, ինչ ունենք»:

Կիսվել