ՄամուլՔաղաքականություն

Նախընտրական շտաբների ու ցուցակների կազմման պրոցեսում տարաձայնություններ են առաջացել․ «Հրապարակ»

Նախընտրական շտաբների ու ցուցակների կազմման պրոցեսում տարաձայնություններ են առաջացել

Hraparak.am-ը գրում է․ Ինչպես եւ սպասվում էր՝ դեռ ընտրությունների օրը պաշտոնապես նշանակված չէ, սակայն նախընտրական փուլն արդեն սկսվել է։

Մի կողմից արդեն քաղաքական ուժերը քարոզչություն են սկսել, մյուս կողմից նախընտրական շտաբների եւ ցուցակների ձեւավորման փուլն է սկսվել եւ հենց այս փուլիցս էլ, որպես կանոն, սկսվում են ներթիմային խժդժությունները՝ պառակտում, նեղանալ, հեռանալ, դժգոհել եւ այլն։ 

Բոլոր քաղաքական ուժերի խոհանոցից մեզ լուրեր են հասնում նեղացողների, հեռացողների, դժգոհությունների մասին։ Այսօր հայտնի դարձավ, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանն է հեռացել կուսակցությունից։ 

Ընդ որում, բացարձակապես նույն պրոցեսն է ընթանում ինչպես իշխանական թիմում, այնպես էլ ընդդիմության մեջ։ Պայքարն ու դժգոհությունները հատկապես բուռն են այն ուժերի շրջանում, որոնց շանսերը՝ խորհրդարան անցնելու, մեծ են․ «Իմ քայլում», Ռոբերտ Քոչարյանի դաշինքում, ՀՀԿ-Հայրենիք դաշինքում։

armen ashotyan artur vanetsyan

Քոչարյանական թիմում իսկական փոթորիկ է սկսվել՝ միմյանց չսիրող, իրար մերժող գործիչներն ընդվզում են մեկի՝ շտաբում հայտնվելու, մյուսի՝ ցուցակ մտնելու,իսկ երրորդի՝ չմտնելու կապակցությամբ։

Այստեղ թիմ կոչվածը անհանգստացած է ՀՀԿ-ի՝ ընտրություններին մասնակցելու որոշմամբ, հասկանում են, որ դա բավականին նվազեցնում է իրենց ձայների քանակը։ Այսինքն, ընդդիմության ձայներն այս պարագայում կկիսվեն՝ իրենց եւ «Հայրենիք» դաշինքի միջեւ, ինչը լրացուցիչ լարում է առաջացրել։

Բայց ամենամեծ պայքարը Քոչարյանական թեւում ընթանում է շտաբի պետի, տարածքային պատասխանատուի պաշտոնի համար։ Մեծ թվով մարդիկ սպասում էին, որ Ռոբերտ Քոչարյանը հենց իրենց է վստահելու այդ դերը, ինչպես օրինակ՝ Վարդան Ղուկասյանը պատրաստվում էր Շիրակի մարզում ընտրությունների պատասխանատվությունը վերցնել իր վրա, սակայն Քոչարյանը նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանին է նշանակել։

Մյուս մարզերում էլ կան նմանատիպ տարաձայնություններ։ Շտաբի եւ ցուցակի ձեւավորման ընթացքից որոշակի դժգոհություններ ունի նաեւ Հովիկ Աբրահամյանը, որը նույնպես կարող էր կարեւոր դեր խաղալ այս փուլում՝ նախկինում հենց նա է եղել Սերժ Սարգսյանի ընտրական շտաբի ղեկավարը։

serj sargsyan hovik abrahamyan

Առավել թեժ է պայքարն ու դժգոհությունը ցուցակների կազմման հետ կապված, չնայած լիդերները դեռ չեն բացում փակագծերը, բայց նրանց նախընտրելի ցանկը թիմերին արդեն հայտնի է դարձել եւ դժգոհությունների տեղիք տվել։

Կոնսենսուսը կայացել է միայն նախընտրական ցուցակների առաջին երկու տեղերի առումով՝ Քոչարյանի մոտ կլինեն՝ Ռ․Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, «Հայրենիքում»՝ Արթուր Վանեցյան, Տարոն Մարգարյան։

Անգամ երրորդ տեղի թեկնածուների հարցում մեծ բողոքի ալիք կա։ Օրենքը պահանջում է յուրաքանչյուր երրորդ համարում կին թեկնածու գրել։

Քոչարյանի ցուցակում նախնական տարբերակով Արփինե Հովհաննիսյանի անունն էր շրջանառվում, վերջին օրերին՝ Թիվի 5-ի աշխատակից Ագնեսսա Խամոյանի անունը, իսկ Վանեցյանի մոտ շրջանառվում է նախկին իմքայլական Թագուհի Թովմասյանի անունը։

Երկուսի դեմ էլ թիմերը պատրաստվում են ըմբոստանալ, ընդ որում՝ առավելապես դժգոհ են տղամարդիկ, ոչ թե կանայք։

Կիսվել