ՄամուլՇոու-բիզնես

«Իշխանություն». ֆիլմ, որի ռեժիսորը Մհերն է, «պրոդյուսերը»՝ Սերժը

«Իշխանություն». ֆիլմ, որի ռեժիսորը Մհերն է, «պրոդյուսերը»՝ Սերժը

Hraparak.am-ը գրում է․ Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերային էի շտապում, երբ փողոցում մի անծանոթ կին հեռվից ժպտալով մոտեցավ ինձ։ «Վահե ջան, ապրես, տղա ջան, ես ուղղակի քեզ դեմքով գիտեմ, ուզում եմ ասել՝ ծանր գործ եք անում»,-ասաց տիկինը՝ թերևս գնահատելով մեր՝ լրագրողներիս աշխատանքը այս իշխանության օրոք, նրանց գոյության պայմաններում։

Ապա տվեց ամենաբարդ հարցը՝ ի՞նչ է լինելու, գոնե հույս կա՞, որ լավ կլինի։

Տիկնոջը խաբել չկարողացա, չէի կարող ինքս ինձ կեղծել՝ ասելով, որ այո՝ լավ է լինելու, եթե ամեն ինչ արդեն շատ վատ է։ Ու նաև չգիտեի՝  ծաղրով ու ողբերգութւամբ ուղեկցվող այս ֆիլմի ավարտը, որում հայտնվել ենք մենք վերջին երեք տարում, ավելի՞ վատ է լինելու, քան հիմա է։

«Իշխանություն» ֆիլմի ավարտը ևս, մեղմ ասած, լավ լինելու մասին չէր հուշում։ Ֆիլմն ավարտվում է անորոշությամբ․ չգիտենք՝ ինչ-որ մի հրաշքով լա՞վ կլինի, կմնա այսպե՞ս, թե՞ էլ ավելի ողբերգական ավարտ է մեզ սպասվում։

mher mkrtchyan 1

Այսինքն՝ ֆիլմը չի ավարտվում, որովհետև չի ավարտվել այն իրականությունը, որի մասին պատմում է այդ ֆիլմը։ «Իշխանությունը» մեր սխալ անցյալի, դժգույն իրականության և անորոշ ապագայի մասին է, որում մենք հայտնվել ենք 2018-ի իրադարձությունների արդյունքում՝ որպես գլխավոր դերակատարներ։ 

«Մոսկվա» կինոթատրոնին մոտենալով՝ ընկերս, որը ՀՀԿ-ի բարիքներից այդպես էլ չօգտված անձնվեր հանրապետական է, անմիջապես մատնացույց արեց ֆիլմի գլխավոր դերակատարին՝ իրենց կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին, թե տես՝ նախագահն է նստած սրճարանում Ռիժի Լյովի՝ Լևոն Մնացականյանի հետ։

Անմիջապես հասկացանք՝ Սերժ Սարգսյանը ևս հրավիրված է ֆիլմի պրեմիերային, որպեսզի տեսնի, թե ինչպես են մի հատ էլ այս ֆիլմում իրեն մերժում։ Իսկ դրա արդյունքը եղավ այն, ինչի մեջ մենք հայտնվել ենք այսօր։ Այս ֆիլմը հենց մեր՝ բոլորիս մասին է։

«Քաքի մեջ ենք»,-շատ անկեղծ արձանագրեց ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը հենց ֆիլմի առաջին դրվագներում։

levs davtyan

Դահլիճում Սերժ Սարգսյանի հետ իրենց մերժելու և Հայաստանը կործանման հասցնելու գեղարվեստական դրսևորումներին հետևում էին նախկին իշխանության այլ ներկայացուցիչներ ևս՝ Արմեն Աշոտյան, Էդուարդ Շարմազանով, Արփինե Հովհաննիսյան, այլ  նախկիններ ու մի «կիսանախկին»՝ այս իշխանությունների կարճաժամկետ հերոս, հիմա՝ նրանց ոխերիմ ընդդիմադիր Արթուր Վանեցյանը։ 

Մհեր Մկրտչյանի հեղինակած «Իշխանությունը» թեթև մարսվող և ավելի շատ հանդիսատեսի էմոցիոնալ, ոչ թե գաղափարական ֆոնի վրա ազդող դրվագներով է աչքի ընկնում, որոնք դժվար է ասել՝ նսըվածք կթողնե՞ն մարդկանց գիտակցության շերտերում, թե՞ ոչ։

Այն, կարելի է ասել, պոպուլիստական ժանրի դյուրամարս ֆիլմ է՝ պոպուլիստական իշխանության և պոպուլիզմով իշխանության եկած մարդկանց մասին։ Թերևս այլ կերպ չէին էլ կարող նկարել այս ֆիլմը։ Թեպետ՝ ֆիլմում մի այսպիսի արտահայտություն կա, որը վիճելի է դարձնում պոպուլիզմը՝ պոպուլիզմով թեզը․ «Պոպուլիզմի դեմ հնարավոր չէ պայքարել մեկ այլ պոպուլիզմով»։

Ֆիլմի բացումն արեց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ ներկայացնելով ռեժիսորին, ֆիլմը, դրա ստեղծման գաղափարը։ Ֆիլմի ավարտից հետո մոտեցա Ռուբոյին ու հարցրի՝ պրոդյուսները դո՞ւ էիր, ասաց՝ ոչ։

Անմիջապես ամրագրեցի իմ մեջ այն միտքը, որը եզրակացրել էի դեռ ֆիլմի առաջին րոպեներին․ «Իրականում այս ֆիլմի ռեժիսորը Մհերն է, «պրոդյուսերը»՝ Սերժը։ Եթե նա չուզենար, մենք այս ֆիլմում չէինք հայտնվի»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել