Կրակոցներ Երևանի «Կարմիր բլուր» գերեզմանների մոտ․ ժամանել են մեծ թվով ոստիկաններ
Կրակոցներ Երևանի «Կարմիր բլուր» գերեզմանների մոտ․ ժամանել են մեծ թվով ոստիկաններ
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Չարբախ թաղամասի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքից Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացիները ստացել են հրազենային և սուր, կտրող–ծակող առարկայի հարվածից ստացած վնասվածքներ:
Այս պահին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանի, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, ստեղծել են օպերատիվ-հետախուզական խմբեր և պարզում են, թե որ հիվանդանոցներ են տեղափոխվել վիրավորները:
Գ. Շամշյանի տռեղեկություններով՝ կրակոցները տեղի են ունեցել Կարմիր բլուր գերեզմանի մոտ գործող սգո սրահներից մեկի դիմաց և այս պահին նշված վայր է ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը:
Ոստիկաններն ու քննիչները սպասում են նաև, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարկածներից մեկով՝ այս կրակոցները կապ ունեն ամիսներ առաջ Երևանի Մայիսի 9-ի փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ: