Երևանում տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ. հայրը տեղում մահացել է, տղայի կյանքի համար բժիշկները պայքարում են
Երևանում տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ. հայրը տեղում մահացել է, տղայի կյանքի համար բժիշկները պայքարում են
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գևորգ Չաուշի փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական, դիմել է փախուստի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Քիչ առաջ Ա. Եսայանի գլխավորությամբ Մաշտոցի ոստիկանները պարզեցին, որ վիրավորը Երևանի բնակիչ, 34-ամյա Էդգար Մայիլյանն է, իսկ մահացածը՝ նրա հայրն է՝ Սամվել Մայիլյանը, ում տարիքը ճշտվում է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Վրաերթի հարևանությամբ բնակվող մեծ թվով բնակիչներ, այդ թվում՝ կանայք, ասում էին. «էս ճանապարհը ինչ սարքել են, ամեն օր վթարների ենք ականատես լինում: Ո՛չ արտաքին լուսավորություն կա, ո՛չ էլ համապատասխան նշաններ: Ամեն օր, նամանավանդ երեկոյան ժամերին, ահը սրտներումս ենք անցնում, չգիտենք՝ տուն կհասնենք, թե չէ:
Հետո էլ քաղաքապետարանն ու ճանապարհային ոստիկանությունն ասում են, թե ցանկացած ճանապարհ շահագործման հանձնելուց առաջ կահավորում ենք արտաքին լուսավորությամբ, սվետաֆորով, երթևեկությունը կարգավորող նշաններով, բայց ինչ էս փողոցը սարքել են, ստացվում ա՝ էշ մի սատկի, գարուն կգա:
Պատկան մարմինները սպասում են, որ զոհերի թիվն ավելանա, որ նոր ուղեղներին զոռ տան ու էդ հարցերը լուծեն:
Վրաերթի ենթարկվածները հայր ու որդի են, ովքեր փողոցն անցել են հետիոտնի համար նախատեսված վայրով: Հիմա գոնե էս դեպքից հետո Երևանի քաղաքապետարանը մարդկային վերաբերմունք ցուցաբերի և էդ խնդիրները լուծվեն, հակառակ դեպքում՝ ականատես կլինենք նմանատիպ դեպքերի»: