90 օրը լրանում է. Ինչ որոշում է կայացնելու ԱՄՆ-ն Արցախի վերաբերյալ
90 օրը լրանում է. Ինչ որոշում է կայացնելու ԱՄՆ-ն Արցախի վերաբերյալ
lragir.am-ը գրում է․ Երեկ ԱՄՆ 170 կոնգրեսականներ դիմել են Ջո Բայդենին` կոչ անելով կոշտ վերաբերմունք ցույց տալ Թուրքիայի հանդեպ։ Փետրվարի 21-ին 100 կոնգրեսականներ դիմել են Բայդենին կոչ անելով կանգնել Հայաստանի և Արցախի կողքին, ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի։
Ի՞նչ կկատարվի, եթե ռուս-թուրքական 100-ամյա պայմանագրի ժամկետի լրանալու շեմին Բայդենը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբեր – նոյեմբեր ամիսներին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները, ինչպես նաև 50-ից 49 նահանգներ ճանաչել են Ցեղասպանությունը։
Հայոց ցեղասպանության ճանաչումը նշանակում է հաստատել, որ ներկայիս Թուրքիայի պետությունը ստեղծվել է հայերի հողի և արյան վրա, և կասկածի տակ դնել Թուրքիայի իրավազորությունը այդ տարածքներում։ Սա կարևոր է այն համատեքստում, որ միակ փաստաթուղթը, որի հիման վրա գծվել է ներկայիս հայ-թուրքական սահմանը, ընդունվել է առանց Հայաստանի մասնակցության։
Հիշեցնենք, որ շուտով ավարտվում է 90-օրյա ժամկետը, որը Կոնգրեսի կողմից տրվել է ԱՄՆ Ազգային հետախուզությանը՝ պարզելու ԱՄՆ շահերը ղարաբաղյան հակամարտության գոտում։
Դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է օրինագիծ, որը ներառում է նաև ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերաբերյալ դրույթ։
Փաստաթղթի 6․15 կետում, որը կոչվում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության գնահատական», ասվում է, որ օրինագծի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օրից ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը պարտավոր է գրավոր գնահատական ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների Պալատի հետախուզության հանձնաժողով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության և Արցախի կարգավիճակի վերաբերյալ։
Պետք է գնահատական տրվի ԱՄՆ կողմից Ադրբեջանին և Հայաստանին տրամադրված ռազմական օգնության ազդեցության , ինչպես նաև տարածաշրջանում ուժերի հավասարակշռության և հետագայում ուժի կիրառման հավանականության վերաբերյալ։